Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումներն ապօրինի գործունեություն ծավալողներին հայտնաբերելու ուղղությամբ:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԵԿ-ի աշխատակիցները պարզել են, որ Երեւանի բնակիչ Գարեգին Վանոյանը տնային պայմաններում պատրաստել է տարբեր տարողությամբ կեղծված հայտնի ապրանքանիշերի` «Տոնական», «Ախթամար» եւ «Նաիրի» պիտակներով կոնյակներ: Սեփական արտադրանքը նրան հաջողվել է 58.000 դրամով իրացնել Գումի շուկայի հարեւանությամբ: Սակայն այն պահին, երբ կարծել է, որ գործարքը հաջողությամբ ավարտված է` բացահայտվել է օպերատիվ հետախուզության աշխատակիցների կողմից: Դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության վարչության կողմից ՀՀ քր. օր. 207 հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել:
Միաժամանակ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ, որ տնայնագործ-ձեռներեցը միայնակ չի կյանքի կոչել իր բիզնես-մտահղացումները. գործընկերը Երեւանի բնակիչ Արմեն Քոչարյանն է, ով կոնյակների պոլիէթիլենային թաղանթներն է պատրաստել: Իսկ նրանց բնակարաններում կատարված խուզարկությամբ ակնհայտ է դարձել, որ եթե չկանխվեր այս դեպքը, ապա «կեղծված» մեծ խմբաքանակ էր հայտնվելու շուկայում, ընդ որում, համալրված ոչ պակաս թանկարժեք տեսականիով: Այսպես, Գարեգին Վանոյանի բնակարանում հայտնաբերվել են հանրահայտ կոնյակների տարբեր պիտակներով դատարկ շշեր եւ տարաներ:
Արմեն Քոչարյանի բնակարանում նույնպես հայտնաբերվել են տարբեր տարողության` «Hennessy», «Napoleon», «Նաիրի», «Տոնական», «Ախթամար», «Արարատ» տեսակի կոնյակի շուրջ 100, ինչպես նաեւ թանկարժեք վիսկիների եւ օղու դատարկ շշեր` իրենց տուփերով: Խուզարկությամբ հայտնաբերվել են նաեւ 2004թ. եւ 2007թ-ի թվագրումով ակցիզային դրոշմանիշներ, «Hennessy» տեսակի կոնյակի շշի խցաններ, պիտակներ, «Նոյ» եւ «Արարատ» գրառումով մեծաքանակ թաղանթներ եւ պիտակներ: Քրեական գործի հետագա ընթացքը շարունակելու համար նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն:




























