Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպության ակտիվիստները Պրահայում բողոքի ակցիա են իրականացնում Չեխիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարության տանիքին։ Այս մասին հայտնել է ČTK լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության տվյալների՝ ակտիվիստները նախարարության տանիք են բարձրացել երկուշաբթի առավոտյան՝ նախքան Պրահայի ամրոցում երկրի նոր կառավարության նշանակման արարողությունը։ Նրանցից մի քանիսը ճոպաններով իջել են ցած՝ շենքի ճակատային մասում պարզելով մի պաստառ, որի վրա գրված է եղել «Պաշտպանենք բնությունը»։
Բողոքի ակցիայի վայր են ժամանել ոստիկաններն ու հրշեջները։ Լուծվում է ակտիվիստներին անվտանգ կերպով ցած իջեցնելու հարցը։ Պարզվում է նաև, թե ինչպես է նրանց հաջողվել ներթափանցել պետական պահպանության տակ գտնվող օբյեկտի տանիք։
Հանրապետության նախագահը շրջակա միջավայրի պահպանության նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել է արտաքին գործերի նախարար, «Motoristé» (Ավտոմոբիլիստներ) քաղաքական շարժման առաջնորդ Պետր Մացինկային։ Բնապահպան ակտիվիստներն ավելի վաղ կոչ էին արել թույլ չտալ «Motoristé» շարժման ներկայացուցիչներին ստանձնել այդ գերատեսչության ղեկավարումը։




























