Yandex Armenia-ն հյուրընկալել է «Բարձր տեխնոլոգիաներ և տնտեսություն․ քննարկում Հայաստանի ապագայի վերաբերյալ» պանելային քննարկումը՝ պետական պաշտոնյաների, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների, տնտեսագետների և փորձագետների մասնակցությամբ։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից մշակվող` Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ծրագիրը։ Անդրադարձ է կատարվել համաշխարհային տեխնոլոգիական զարգացումների համատեքստում Հայաստանի առաջընթացի հեռանկարներին։ 

Քննարկմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբայանը և միջազգային ճանաչում ունեցող տնտեսագետ Ռուբեն Ենիկոլոպովը։ Պանելային քննարկումը վարում էր Yandex Armenia-ի պետության հետ հարաբերությունների գծով տնօրեն Տիգրան Գասպարյանը։ 

Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է կարևոր փուլում՝ հետազոտությունների և զարգացման (R&D) ոլորտում որակական առաջընթացի իրական հնարավորություններով, և կարող է դառնալ տարածաշրջանային հաբ միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար։ Նրա խոսքով՝ ռազմավարական ծրագրի հաջող իրականացումը պահանջում է պետական կառույցների, մասնավոր հատվածի և տեխնոլոգիական համայնքի համատեղ աշխատանք։

Ռազմավարական ծրագրի աշխատանքները համակարգող Տիգրան Ջրբաշյանն ընդգծել է, որ ծրագիրը կառուցվում է Հայաստանի իրական ներուժի վրա՝ հավելելով, որ Հայաստանը պետք է կենտրոնանա մարդկային կապիտալի զարգացման, գիտահետազոտական գործունեության խթանման և բազմազգ ընկերությունների ներգրավման վրա։ Նա կարևորել է նաև սփյուռքի դերը՝ որպես գիտելիքի, կապերի և ներդրումների աղբյուր։

Մարդկային կապիտալի զարգացման առաջնահերթությունն է շեշտել նաև Ռուբեն Ենիկոլոպովը։ Տնտեսագետն ընդգծել է նաև տեխնոլոգիաների, այդ թվում արհեստական բանականության գործնական կիրառման դերը տնտեսության մյուս ոլորտների խթանման համար։ Ենիկոլոպովի խոսքով՝ համապատասխան հմտությունների զարգացումը և ինստիտուցիոնալ միջավայրի ամրապնդումը Հայաստանին հնարավորություն են տալիս ներգրավվել գլոբալ արժեքային շղթաներում։

«Որպես Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ակտիվ մասնակից՝ Yandex Armenia-ն կարևորում է գործնական քննարկումների հարթակների ստեղծումը Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունների շուրջ և պատրաստ է շարունակել մասնակցությունը նման նախաձեռնություններին», - նշել է Yandex Armenia-ի պետության հետ հարաբերությունների գծով տնօրեն Տիգրան Գասպարյանը։

Քննարկումը հնարավորություն է տվել համադրել պետական, փորձագիտական և միջազգային դիտանկյունները՝ ձևավորելով Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի երկարաժամկետ զարգացման ուղիների կիրառելի օրակարգ։

17_YNDX Hall Dec 10.jpg (160 KB)

37_YNDX Hall Dec 10.jpg (169 KB)

25_YNDX Hall Dec 10.jpg (123 KB)