Սիրիական դիտորդական խումբը շաբաթ օրը հայտնել է, որ ԻՊ-ի (Իսլամական պետություն) առնվազն հինգ անդամ, այդ թվում՝ խմբավորման բջջի առաջնորդը, սպանվել են ԱՄՆ-ի գիշերային հարվածների հետևանքով: Սա պատասխան գործողություն է եղել նախորդ հանգստյան օրերին տեղի ունեցած հարձակմանը, որի հետևանքով երեք ամերիկացի է զոհվել:
Վաշինգտոնը հայտարարել է, որ ԻՊ խմբավորման միայնակ գրոհայինը դեկտեմբերի 13-ին ահաբեկչություն է իրականացրել Պալմիրայում, որտեղ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված հնագույն ավերակները և որը ժամանակին վերահսկվում էր ծայրահեղական գրոհայինների կողմից: Այդ հարձակման հետևանքով զոհվել են ամերիկացի երկու զինվոր և ԱՄՆ մեկ քաղաքացիական բնակիչ:
Ի պատասխան՝ Միացյալ Նահանգները կործանիչների, հարվածային ուղղաթիռների և հրետանու միջոցով հարվածներ են հասցրել Կենտրոնական Սիրիայի տարբեր հատվածներում գտնվող ավելի քան 70 թիրախների. ասված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ:
Մարդու իրավունքների սիրիական դիտարանի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը AFP-ին հայտնել է, որ Սիրիայի արևելքում՝ Դեր Զոր նահանգում, սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման «առնվազն հինգ անդամ», այդ թվում՝ այն բջջի առաջնորդը, որը պատասխանատու է եղել այդ տարածքում անօդաչու թռչող սարքերի կիրառման համար:
Սիրիայի անվտանգության ծառայության աղբյուրը AFP-ին հայտնել է, որ ամերիկյան հարվածներն ուղղված են եղել Սիրիայի ընդարձակ Բադիա անապատում՝ ներառյալ Հոմսի, Դեյր էզ-Զորի և Ռաքքայի նահանգներում գտնվող ԻՊ-ի բջիջներին և չեն ներառել ցամաքային գործողություններ:
Ըստ անանուն մնալու պայմանով խոսած աղբյուրի՝ թիրախների մեծ մասը գտնվել է Պալմիրայից հյուսիս ընկած լեռնային շրջաններում, այդ թվում՝ Դեր Զորի ուղղությամբ:
Իր հերթին CENTCOM-ը հայտնել է, որ «գործողության ընթացքում կիրառվել է ավելի քան 100 բարձր ճշգրտության զինամթերք՝ ուղղված ԻՊ-ի հայտնի ենթակառուցվածքային օբյեկտներին և զենքի պահեստներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման մեջ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «հասցնում են հատուցման շատ լուրջ հարված, ինչպես և խոստացել էի, դրա համար պատասխանատու ահաբեկիչ-մարդասպաններին» և նրանք, ովքեր հարձակվում են ամերիկացիների վրա, «կտուժեն ավելի ուժգին, քան երբևէ նախկինում»:





























