Գիտնականները եւ գրողները նոր կյանք են հաղորդել XVI դարի իսպանացի գրող Բեատրիս Բերնալի գրեթե մոռացված ասպետական վիպակին՝ այն հասանելի դարձնելով ժամանակակից պատանի ընթերցողներին նկարազարդված ադապտացիայի միջոցով, գրել է The Guardian-ը։

Cristalián de España ինքնատիպ վիպակը, որն առաջին անգամ հրապարակվել է 1545թ., այսօր համարվում է  իսպանական արձակի ամենավաղ հայտնի ստեղծագործությունը, որի հեղինակը կին է, բայց երկար ժամանակ մնացել է ավելի հայտնի գրականության, այդ թվում Միգել դը Սերվանտեսի Դոն Քիշոտի ստվերում։

Ադապտացիայի հեղինակը մանկական գրող Դիեգո Արբոլեդան է, որն առաջին անգամ Բրենալի տեքստին ծանոթացել է ուսանելու տարիներին։ Իր տարբերակում, որը վերնագրված է Las aventuras del caballero Cristalián («Ասպետ Կրիստալիանի արկածները»), նա վերամշակել է բնօրինակի առանձին դրվագներ՝ ավելացնելով նկարչուհի Էուխենիա Աբալոսի վառ նկարազարդումները եւ պատումը դարձնելով ավելի մոտ եւ հասկանալի ժամանակակից լսարանի համար։

Հեղինակի նպատակն է ցույց տալ, թե որքան դյութիչ եւ ֆանտաստիկ կարող է լինել վիպակը՝ նրա ոգին համեմատելով հայտնի սագաների հետ, ինչպիսին է Մատանիների տիրակալը։

Բերնալը, որը ծնվել է XVI դարասկզբին Իսպանիայի հյուսիսում, ունեւոր ընտանիքում, հրապարակել է Cristalián de España-ն վաղ տարիքում։ Առաջին հրատարակությունն անանուն էր, բայց 1587թ. նրա մահվանից հետո կատարված հրատարակման մեջ արդեն անունը հիշատակված է, ինչը նրա համար տեղ է ապահովել գրականության պատմության մեջ։

Ժամանակին վեպը գնահատել են հարուստ արկածների, մոգական էակների եւ ուժեղ կանացի կերպարների համար, որոնք խիստ տարբերվում էին ժանրին բնորոշ ավանդական պասիվ կերպարներից։  Հերոսները, ինչպիսին են իմաստուն Մեմբրինան եւ պայքարող-ասպետուհի Միներվան, ակտիվ դիրքորոշում եւ ինքնուրույնություն են ցուցադրում։

Գիտնականները եւ գրականագետներն ընդգծում են, որ Բերնալի ավանդը կարեւոր նշանակություն է ունեցել կանանց գրական ձայնի ճանաչման համար մի դարաշրջանում, երբ «ասպետական վեպերի» ժանրը համարվում էր բացառապես տղամարդկային։ Նոր ադապտացիան կարող է օգնել վերականգնել պատմական արդարությունը եւ այս ինքնատիպ պատմությունը ներկայացնել ընթերցողների նոր սերունդներին։