Կիրակի օրը ՀԱՀ Յոհանեսբուրգ քաղաքի մերձակա ավաններից մեկի վրա հարձակման հետևանքով զինված հանցագործները ինը մարդու են սպանել, ևս 10-ը վիրավորվել են. հայտնում է AFP-ն։
Սա դեկտեմբերին Հարավային Աֆրիկայում տեղի ունեցած արդեն երկրորդ զանգվածային սպանությունն է։ Նախապես ոստիկանությունը հայտնել էր 10 զոհի մասին, սակայն ավելի ուշ տվյալները վերանայվել են։
Ըստ ոստիկանության, Յոհանեսբուրգից 40 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Բեկերսդալում տեղի ունեցած հարձակման դրդապատճառն անհայտ է։
«Անհայտ հանցագործները որոշ զոհերի գնդակահարել են հենց փողոցում»,- նշված է ոստիկանության հայտարարության մեջ։
Հարձակվողները երկու մեքենայից «կրակ են բացել պանդոկի հաճախորդների վրա և շարունակել են անկանոն կրակել՝ հեռանալով դեպքի վայրից»։
Նահանգի ոստիկանության կոմիսար, գեներալ-մայոր Ֆրեդ Կեկանան SABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ զոհերի թվում է նաև տաքսի ծառայության վարորդը, որը գտնվել է բարի մոտ։ Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հարձակվողների նկատմամբ։
Հրաձգությունը տեղի է ունեցել Բեկերսդալի բարերից մեկի մոտ։ Դա աղքատ թաղամաս է Հարավային Աֆրիկայի խոշոր ոսկու հանքերի մոտակայքում։ Ըստ ոստիկանության, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։