ԱՄՆ-ի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները ակտիվացրել են «Թրամփի ուղի» նախագծի շուրջ բանակցությունները։ Մասնավորապես, Անկարան պատրաստվում է հաջորդ տարի մասնակիորեն բացել Երևանի հետ սահմանը, մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կշարունակեն ավելացնել առևտրաշրջանառությունը, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»։
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի քննարկմանը, հայտնել է Ամերիկա-ադրբեջանական առևտրային պալատը (USACC): Գերատեսչության տվյալներով՝ կլոր սեղանին մասնակցել են նաև Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից դիվանագետներ: Նրանք քննարկել են, թե ինչպես TRIPP-ը կարող է արագացնել ենթակառուցվածքների զարգացումը, ամրապնդել տարածաշրջանային փոխկապակցվածությունը և ամրագրել ԱՄՆ-ի կայուն տնտեսական ներկայությունը «Միջին միջանցքի» երկայնքով:
Ինչպես նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խաղաղապահ առաքելությունների հատուկ բանագնաց Վինայա Չավելը, Վաշինգտոնի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև օգոստոսին ձեռք բերված համաձայնությունը պատմական պահ է ստեղծել: «TRIPP-ն այն է, թե ինչպես ենք մենք այս խաղաղությունը դարձնում կայուն՝ տարանցիկ երթուղին վերածելով ընդհանուր բարգավաճման շարժիչի: Ամերիկյան ընկերությունները և կապիտալը կարևոր դեր են խաղում այս տեսլականում և այս վարչակազմը լի է վճռականությամբ՝ բանակցությունների սեղանի շուրջ նրանց տեղը ապահովելու համար», – նշել է Չավելը:
Իրենց հերթին, նախկին խորհրդային հանրապետությունների դեսպանները մտքեր են փոխանակել այն թեմայի շուրջ, թե ինչպես «Թրամփի ուղին» կարող է օգնել նրանց բարձրացնել տարածաշրջանային տարանցիկ երթուղիների մրցունակությունը: Այսպիսով, Հայաստանի դեսպանի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդության շնորհիվ հաջողվել է խաղաղության իմպուլս ստեղծել և TRIPP-ը դիրքավորել որպես Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ապագա բարգավաճման առանցքային տարր:
Բացի այդ, կլոր սեղանի մասնակիցները դիտարկել են ամերիկյան ինստիտուտների դերը TRIPP-ի զարգացման գործում։ Մասնավորապես, նրանց կարծիքով, ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) կարող է մասնակցել նախագծերի ֆինանսավորմանը, առևտրային ընթացակարգերի պարզեցմանը և ներդրումային ռիսկերի նվազեցմանը։ Դեսպանների կարծիքով՝ Google, Bechtel և Tetra Tech ընկերությունները նույնպես աճող հետաքրքրություն են ցուցաբերում առևտրային և ներդրումային այն հնարավորությունների նկատմամբ, որոնք ընձեռում են TRIPP ծրագիրն ու դրա հետ կապված տարածաշրջանային նախաձեռնությունները։
Հատկանշական է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն սկսել են առևտուր անել։ Մասնավորապես, նախ Երևանը Բաքվի տարանցմամբ Ռուսաստանից և Ղազախստանից հացահատիկ է ստացել, իսկ այնուհետև ադրբեջանական SOCAR ընկերությունից գնել է 1300 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին։ Կողմերն այս գործարքներն ուղղակիորեն կապում են Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրի հետ։
Դրան զուգահեռ հայտնի է դարձել, որ Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են Ստամբուլի և Երևանի միջև ամենօրյա ուղիղ ավիաթռիչքների մեկնարկի շուրջ։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց, դեսպան Սերդար Քըլըչը հայտարարել է, որ ծրագիրը կգործի 2026 թվականի մարտի 11-ից, իսկ ուղևորափոխադրումները կիրականացնի Turkish Airlines-ը։
Միևնույն ժամանակ, Երևանն ու Անկարան պատրաստվում են բացել սահմանային անցակետերը բեռնափոխադրումների համար։ Մասնավորապես, ինչպես հայտնում է «Yesil Igdir» պարբերականը, Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանի և Թուրքիայի պաշտպանության նախարարության հսկողության ներքո համապատասխան աշխատանքներ են սկսվել թուրքական «Ալիջան» անցակետում։ Հայաստանի սահմանակից «Մարգարա» անցակետն արդեն պատրաստ է աշխատանքին։ Թերթի տեղեկություններով՝ թուրքական կողմի ակտիվության համար խթան է հանդիսացել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և վերջերս ադրբեջանական վառելիքի մատակարարումը Հայաստան։ Առաջին փուլում Թուրքիայի իշխանությունները ցանկանում են Մարգարայի կամուրջն օգտագործել միայն բեռնափոխադրումների համար, իսկ հետո, եթե ամեն ինչ հաջող ընթանա, նաև ուղևորահոսքի համար։ Անկարան նախատեսում է նաև ընդլայնել ճանապարհային ցանցը՝ «Թրամփի ուղի» տնտեսական ներուժը բարձրացնելու նպատակով։
Այդուհանդերձ, հայկական իշխանությունները չեն մոռանում նաև Մոսկվայի մասին։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը պետք է նոր հնարավորություններ բացի հայ-ռուսական հարաբերությունների համար։ Առնվազն նա դաշնակցից ակնկալում է մասնակցություն ապահովել Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման համար, մանավանդ որ այդ ուղիները գտնվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության՝ «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկության վերահսկողության տակ։ TRIPP երթուղով երկաթուղային գիծը Երևանն առայժմ մտադիր է կառուցել առանց Մոսկվայի մասնակցության։
Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Միքայել Զոլյանը «Նեզավիսիմայա գազետային» հայտնել է, որ հաջորդ տարի առաջընթաց է ակնկալում Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման համար: Ճիշտ է, նրա կարծիքով, այդ գործընթացը շատ արագ չի լինի:
«Նախևառաջ մենք կտեսնենք այն խորհրդանշական քայլերի շարունակությունը, որոնք արդեն տեսել ենք 2025-ին՝ ցորենի, վառելիքի մատակարարում և նմանատիպ այլ բաներ: Դրան զուգահեռ Թուրքիան կարող է բացել սահմանը հայկական դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար: Եթե 2026-ի առաջին կիսամյակում Երևանն ու Բաքուն կարողանան ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա մինչև 2027 թվականը սահմանը վերջնականապես կբացվի: Դրա հետ էլ կկապվի Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք առևտրային համագործակցության մեկնարկը», – կարծում է Զոլյանը:
Միևնույն ժամանակ, փորձագետը չի բացառել, որ Վրաստանի իշխանությունները կարող են արագացնել իրենց հարևանների մերձեցումը, եթե շարունակեն խոչընդոտել իրենց տարածքով ադրբեջանական ապրանքների տարանցմանը, այդ թվում՝ սակագները բարձրացնելով։




























