ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է կառուցել յոթ կենտրոն՝ մինչև 80 հազար կալանավորված միգրանտների պահելու համար։ Այս մասին հայտնում է Washington Post-ը:
Պարբերականի տվյալներով՝ այս մտահղացումն իրականացնելու համար իշխանությունները փնտրում են կապալառու ընկերություններ, որոնք կօգնեն թարմացնել երկրում ներգաղթյալների պահման համակարգը: Ըստ մրցութային փաստաթղթերի՝ նախատեսվում է վերասարքավորել արդյունաբերական օբյեկտները, որոնք ընդունակ կլինեն միաժամանակ տեղավորել ավելի քան 80 հազար մարդու:
Սկզբում կալանավորվածներին մի քանի շաբաթվա ընթացքում կգրանցեն մշակման հատուկ կենտրոններում, որից հետո նրանց կտեղափոխեն յոթ խոշոր համալիրներից մեկը: Դրանցից յուրաքանչյուրը նախատեսված կլինի 5-10 հազար մարդու համար, որտեղ միգրանտներին կնախապատրաստեն արտաքսման գործընթացին:
Վերասարքավորված կենտրոնները նախատեսվում է տեղակայել Վիրջինիա, Տեխաս, Լուիզիանա, Արիզոնա, Ջորջիա և Միսսուրի նահանգների առանցքային լոգիստիկ հանգույցների մոտ: Բացի այդ, նախատեսված է ևս 16 օբյեկտների ստեղծում, որոնցից յուրաքանչյուրը կկարողանա մինչև 1500 մարդ տեղավորել:
Հրապարակման մեջ նշվում է, որ այս ծրագրի իրականացումը կդառնա Թրամփի՝ ներգաղթյալների զանգվածային կալանավորման և արտաքսման քաղաքականության հերթական փուլը:
Մրցույթի հայտարարության մեջ նշվում է, որ նոր օբյեկտները պետք է բարձրացնեն համակարգի արդյունավետությունը, նվազեցնեն ծախսերը, կրճատեն փաստաթղթերի ձևակերպման և կալանքի տակ գտնվելու ժամանակը, ինչպես նաև արագացնեն արտաքսման գործընթացները՝ միաժամանակ հարգանք ապահովելով կալանավորվածների իրավունքների նկատմամբ:
Հաղորդվում է նաև, որ շենքերը նախատեսվում է հագեցնել սանհանգույցներով բնակելի տարածքներով, խոհանոցներով, ճաշարաններով, բժշկական բաժանմունքներով, հանգստի գոտիներով, իրավաբանական գրադարաններով և վարչական գրասենյակներով: Կենտրոնների մի մասը հարմարեցված կլինի ընտանիքների պահման համար:





























