Գիտնականները վերականգնել են մոտավորապես 1.5 միլիոն տարեկան մարդու հին ազգականի դեմքը, այդ տեսքը մարտահրավեր է նետում Homo ցեղի վաղ էվոլյուցիայի մեր ըմբռնմանը: Գանգի վերականգնումը, որը հայտնի է որպես DAN5, համատեղում է Homo erectus-ի՝ ժամանակակից մարդկանց նման մարմնի համամասնություններ ունեցող եւ Աֆրիկայից դուրս ցրվելու ունակությամբ վաղ տեսակի առանձնահատկությունները Homo habilis-ի ավելի պարզունակ հատկանիշների հետ: Սա վկայում է այն մասին, որ Homo erectus-ի էվոլյուցիան կարող է ավելի բարդեղած լինել, քան նախկինում կարծում էին:
Գիտնականների հայտնագործությունը նկարագրող հոդվածը հրապարակվել է Nature Communications ամսագրում:
Բացահայտված մնացորդները, այդ թվում՝ ուղեղի տուփը, ատամները եւ դեմքի ոսկորների բեկորները, հայտնաբերվել են Եթովպիայի հյուսիսային Գոնա շրջանում եւ առաջին անգամ նկարագրվել են 2020թ․: Դրանք գնահատվում են մոտավորապես 1.5-1.6 միլիոն տարեկան: Գանգի ձեւի եւ չափի հիման վրա նախկինում ենթադրվում էր, որ դրանք պատկանել են Homo erectus-ի ոչ մեծ կնոջ:
Դեմքը վերականգնելու համար գիտնականներն օգտագործել են տասը բեկորների (դեմքի հինգ ոսկորների բեկորներ եւ հինգ ատամ) բարձր ճշգրտության միկրոտոմոգրաֆիկ (CT) սքանավորում եւ դրանցից կառուցել են եռաչափ մոդել: Midwestern համալսարանից հետազոտության համահեղինակ Կարեն Բաաբի խոսքով՝ այս գործընթացը նման է բարդ եռաչափ փազլի, որտեղ անհնար է նախապես կանխատեսել ճշգրիտ արդյունքը, չնայած դեմքի ոսկորները միացնելու ընդհանուր կանոնները լավ հայտնի են։
DAN5 ուղեղի տուփի ձեւը նման է Homo erectus-ին, սակայն դեմքի եւ ատամների որոշ առանձնահատկություններ, ինչպիսիք են մեծ ատամները եւ հարթ, նեղ քիթը, ավելի շատ հիշեցնում են Homo habilis-ին, որն ավելի վաղ տեսակ է։ Հին եւ ավելի ժամանակակից հատկանիշների նմանատիպ համադրություն նախկինում նկատվել է Վրաստանի Դմանիսի քաղաքի Homo erectus բրածոներում, որոնք թվագրվում են մոտավորապես 1.8 միլիոն տարի առաջ, ինչը հանգեցնում է այն ենթադրությանը, որ այս տեսակը կարող է առաջին անգամ զարգացած լինել Եվրասիայում։ DAN5-ը առաջին աֆրիկյան բրածոն է հատկանիշների նման համադրությամբ, ինչը ենթադրում է, որ Homo erectus-ը զարգացել է Աֆրիկայում նույն կերպ, ինչպես Homo ցեղի մյուս տեսակները։
Սակայն DAN5-ի մնացորդները ավելի երիտասարդ են, քան Դմանիսիի մնացորդները, ինչը ենթադրում է, որ հին եւ նոր հատկանիշների այս խառնուրդը պահպանվել է Աֆրիկայում առնվազն 300 հազար տարի։ Հետազոտողները կարծում են, որ վաղ մարդկանց ձեւաբանական տատանումները ավելի ճշգրիտ հասկանալու համար անհրաժեշտ են լրացուցիչ գտածոներ, որոնց տարիքը կկազմի 1-2 միլիոն տարի։




























