Հնագետները հայտնաբերել են բազմաթիվ հնագույն քաղաքներ, սակայն հնագույն քաղաքակրթությունների որոշ առանցքային կենտրոններ մինչև օրս անհասանելի են մնում։ Դրանց գոյությունը հաստատում են տեքստերն ու արտեֆակտները, սակայն ճշգրիտ տեղանքն այդպես էլ չի պարզվել։
Live Science-ը նշել է այդպիսի վեց խորհրդավոր քաղաք։
Իրիսագրիգ
Շումերական քաղաք, որը գոյություն է ունեցել շուրջ չորս հազար տարի առաջ՝ ժամանակակից Իրաքի տարածքում։ Այդ մասին հայտնի է վարչական գրառումներ պարունակող հազարավոր կավե սալիկներից։ Տեքստերից պարզ է դառնում, որ այն տաճարներով ու պալատներով խոշոր կենտրոն է եղել, սակայն հնագիտական տեսանկյունից քաղաքն այդպես էլ չի հայտնաբերվել։
Իտաուի
Հին Եգիպտոսի XII հարստության մայրաքաղաքը, որը հիմնադրել է Ամենեմհետ I փարավոնը։ Աղբյուրները նշում են, որ քաղաքը գտնվել է Եգիպտոսի կենտրոնական մասում՝ Լիշտի դամբարանադաշտերի հարևանությամբ, սակայն բուն քաղաքի հետքերը հնագետները դեռ չեն գտել։
Աքադ
Աքադական կայսրության՝ մարդկության պատմության առաջին խոշոր պետություններից մեկի լեգենդար մայրաքաղաքը։ Չնայած Հին Արևելքի քաղաքականության ու մշակույթի մեջ Աքադի ունեցած հսկայական դերին՝ դրա ճշգրիտ տեղանքը մնում է անհայտ։
Ալ-Յահուդու
Բնակավայր Բաբելոնյան կայսրությունում, որտեղ ապրել են մ․թ․ա․ VI դարում Երուսաղեմի կործանումից հետո տեղահանված հրեաները։ Քաղաքի գոյությունը հաստատում են տասնյակ սեպագիր սալիկներ, սակայն հնագիտորեն այն մինչև օրս չի տեղորոշվել։
Վաշուկանի
Միտանի թագավորության՝ բրոնզի դարի խոշոր տերության մայրաքաղաքը։ Աղբյուրներն այն տեղադրում են Հյուսիսային Միջագետքում, ենթադրաբար՝ ժամանակակից Սիրիայի տարածքում, սակայն ենթադրյալ վայրերից և ոչ մեկը վերջնականապես չի հաստատվել։
Տինիս
Վաղ Հին Եգիպտոսի կարևորագույն քաղաքներից մեկը, որը կապված է երկրի միավորման հետ։ Այն հաճախ առնչում են Աբիդոսի շրջանի հետ, որտեղ հայտնաբերվել են արքայական դամբարաններ, սակայն բուն քաղաքը շարունակում է թաքնված մնալ հնագետներից։