Հայկական կողմը հաստատում է Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների ղեկավարներ Հովիկ Աբրահամյանի եւ Մեհմեդ Ալի Շահինի՝ Մոսկվայում հանդիպելու լուրը: ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում չբացառեց հանդիպման հնարավորությունը:

Հիշեցնենք, որ թուրքական Zaman-ը հայտնել էր, թե Շահինը Մոսկվայում ՍԾՏՀԿ ԽՎ նստաշրջանի շրջանակներում կհանդիպի Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ։ «Հայաստանի հետ կփորձենք երկխոսություն ստեղծել»,- ասել էր Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը։

Նաիրի Պետրոսյանը նաեւ չբացառեց, որ Հովիկ Աբրահամյանը կարող է հանդիպել այլ պաշտոնյաների հետ: «Ինչպես եւ բոլոր միջազգային համաժողովներում, նմանատիպ միջոցառումներն օգտագործվում են երկկողմ հանդիպումներ անցկացնելու համար»,- նշեց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում նոյեմբերի 23-24-ը կայանալու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 34-րդ լիագումար նստաշրջանը, որին Հայաստանից մասնակցելու է ԽՎ-ում հայկական պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: