Ֆրանսիական ավտոարտադրող Renault-ն հաստատել է իր նոր մեծ, պրեմիում քրոսովերի՝ Filante-ի անունը, որը կլինի ապրանքանիշի համաշխարհային շարքի առաջատար մոդելը, գրում է Autocar-ը։
Նոր մոդելի անվանումն ընկերությունը փոխառել է նախկինում ներկայացված արմատական Filante կոնցեպտ (նոր ոճ, դիզայն և տեխնոլոգիաներ ցուցադրելու համար նախատեսված ապագայի ավտոմեքենայի նախատիպ, որը հաճախ ցուցադրվում է ավտոցուցահանդեսներում՝ հանդիսատեսի արձագանքը ստուգելու համար -խմբ) ավտոմեքենայից և նախատեսված է ընդգծելու Renault-ի հավակնությունները մեծ, շքեղ ավտոմեքենաների հատվածում։ Filante-ն դիրքավորվում է որպես համաշխարհային շուկաների համար կառուցված մեծ, բարձրակարգ արտաճանապարհային/քրոսովեր, որը կառանձնանա Renault-ի մյուս մոդելների շարքում չափսերով և սարքավորումներով։
Renault Filante-ի առաջին ցուցադրությունը նախատեսված է 2026 թվականի հունվարի 13-ին Սեուլում, որտեղ այն կներկայացվի լայն հանրությանը։ Արտադրությունը կսկսվի ընկերության Բուսանի գործարանում, Կորեայում, և սկզբում այն հասանելի կլինի կորեական շուկայում, որին կհաջորդի ընդլայնված համաշխարհային ներկայությունը։ Այդ որոշումն արտացոլում է Renault-ի գլոբալ ռազմավարությունը՝ իր ներկայությունը Եվրոպայից դուրս ընդլայնելու, իր դիրքերը D և E հատվածներում ամրապնդելու և ավտոմոբիլային շուկայի ավելի պրեմիում նիշերը թիրախավորելու համար։
Filante անվանումը պատմական և խորհրդանշական նշանակություն ունի. այն հղում է կատարում 1956 թվականին ներկայացված լեգենդար Étoile Filante-ին, որը ոգեշնչված էր ավիացիայից և 300 կմ/ժ-ից ավելի արագության ռեկորդներ էր սահմանել։
Անվանումը միաժամանակ արտացոլում է Filante Record 2025 կոնցեպտային ավտոմեքենան, որը էլեկտրական վարման մեջ ռեկորդային էներգաարդյունավետություն է ցուցադրել։
Ավտոմեքենայի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ դեռևս քիչ մանրամասներ են հրապարակվել, սակայն հայտնի է, որ Renault Filante-ն կլինի E հատվածի մեծ քրոսովեր՝ մոտավորապես հինգ մետր երկարությամբ, ընդարձակ ինտերիերով՝ բարձրորակ նյութերով և ժամանակակից մուլտիմեդիա էլեկտրոնիկայով։
Renault-ն մտադիր է մոդելը դարձնել ապրանքանիշի գնային և հատվածային սանդուղքով համաշխարհային շարժման խորհրդանիշ՝ ոճային դիզայնի, հարմարավետ ինտերիերի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրություն առաջարկելով։





























