«Webometrics»-ի աղյուսակում ԵՊՀ-ն թռիչք է արձանագրել:
Այս տարվա փետրվարին հրապարակվել են աշխարհի համալսարանների վեբոմետրիքս դասակարգման («Webometrics Ranking of World Universities», www.webometrics.info) արդյունքները, որոնց համաձայն` Երեւանի պետական համալսարանն իր ցուցանիշներով նախկին 2856-րդ տեղից բարձրացել է 1880-րդ հորիզոնական: Ռեյտինգավորվել են աշխարհի շուրջ 20.000 համալսարաններ, որոնցից շուրջ 5000-ը եվրոպական են, 7000-ը` ամերիկյան, 6000-ը` ասիական եւ այլն:
Այսպիսով` Երեւանի պետական համալսարանը ոչ միայն հայաստանյան, այլեւ տարածաշրջանի բուհերի մեջ առաջատարն է: Նշենք, որ Վրաստանի առաջատար բուհը` Թբիլիսիի պետական համալսարանը, հայտնվել է աղյուսակի 2464-րդ հորիզոնականում, Ադրբեջանի` ամենաբարձր վարկանիշ ունեցող Խազար համալսարանը (Khazar University) զբաղեցնում է 6233-րդ տեղը, իսկ Բաքվի պետական համալսարանը 8833-րդն է:
«Webometrics»-ն աշխարհի ճանաչված բուհեր ռեյտինգավորող կազմակերպություններից մեկն է: Դասակարգման աղյուսակը կազմելիս հաշվի են առնվում հիմնական 4 չափանիշներ` պաշտոնական կայքի էջերի քանակը որոնման Google.com, Yahoo.com, Live.com (msn), Exalenq.com կայքերում, այլ ռեսուրսներից դեպի բուհի պաշտոնական կայք կատարված արտաքին հղումների քանակը, կայքում առկա փաստաթղթերի քանակն ու գիտական աշխատանքների հղման ինդեքսը:
Դեռեւս 2010 թվականին ԵՊՀ-ն «Webometrics»-ի աղյուսակում զբաղեցնում էր 4392-րդ տեղը, 2011 թվականի սկզբին 4651-րդն էր, 2011 թվականի ամռանը ցուցանիշը հասել էր 2856-ի:
«Webometrics»-ն իր ուսումնասիրության արդյունքները ներկայացնում է տարին երկու անգամ` տարվա սկզբին եւ կեսին:




























