Mazda-ն Բրյուսելի ավտոսրահում ներկայացրել է իր նոր CX-6e էլեկտրական ամենագնացը, որը տպավորում է ոչ միայն արտաքին տեսքով, այլև ամբողջությամբ վերափոխված սրահով, գրում է Autocar-ը։
Ապրանքանիշի դիզայնի եվրոպական բաժնի ղեկավար Ջո Ստենուիտը ինտերիերն անվանում է «կենդանի արվեստ», իսկ մեքենան ներկայացվում է որպես Mazda-ի քայլ՝ դեպի սրահի տեխնոլոգիաների ապագա։
CX-6e-ի գլխավոր առանձնահատկությունը թվային լուծումների նկատմամբ մեծ ուշադրությունն է՝ 26 դյույմանոց մուլտիմեդիա էկրան, հայելիների փոխարեն տեսախցիկներ, գլխակալներում տեղադրված Bluetooth բարձրախոսներ և դասական սարքավորումների վահանակի փոխարեն մեծացված պրոյեկցիոն դիսփլեյ։ Ըստ Ստենուիտի, այս մոտեցումը թույլ է տալիս վարորդին տրամադրել «ճշգրիտ և հասկանալի» տեղեկատվություն՝ սրահը դարձնելով ավելի ժամանակակից և ունիվերսալ գլոբալ շուկայի համար։
CX-6e-ն կառուցված է չինական Changan արտադրողի հետ համատեղ մշակված հարթակի վրա և տեխնիկապես նույնական է նրանց Deepal S07 մոդելին։ Եվրոպայում հասանելի կլինի միայն էլեկտրական տարբերակը՝ 255 ձիաուժ հզորությամբ հետևի շարժիչով, 78 կՎտ/ժ հզորությամբ լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոցով և մինչև 300 մղոն ընթացքի պաշարով։ Համեմատության համար նշենք, որ մրցակից Audi Q6 e-tron-ը կարող է անցնել մինչև 380 մղոն։
CX-6e-ի չափսերը փոքր-ինչ գերազանցում են բենզինային CX-60-ին․ երկարությունը 4850 մմ է, լայնությունը՝ 1935 մմ, իսկ բարձրությունը՝ 1670 մմ։ Բեռնախցիկի ծավալը 468 լիտր է, ինչը գրեթե 100 լիտրով պակաս է CX-60-ից, սակայն առջևի 80 լիտրանոց լրացուցիչ բաժինը տեղ է ապահովում լիցքավորման լարերի համար։
Mazda-ն նախատեսում է CX-6e-ն Մեծ Բրիտանիայի շուկա դուրս բերել մինչև 2026 թվականի վերջը՝ Եվրոպայում վաճառքի մեկնարկից մոտ վեց ամիս անց։ Այս էլեկտրական ամենագնացը կլինի բրիտանական շուկայում ապրանքանիշի երկու էլեկտրամոբիլներից մեկը՝ նույնանուն 6e սեդանի էլեկտրական տարբերակի հետ միասին։
Ըստ Ստենուիտի, նոր ինտերիերի գլխավոր նպատակն է ցույց տալ, թե ուր է ցանկանում զարգացնել իր սրահի լուծումները Mazda-ն․ «Մենք ձգտում ենք նրան, որ էկրանները փոխարինեն կոճակներին ու անջատիչներին՝ վարորդի համար ստեղծելով միասնական, տեխնոլոգիական և ժամանակակից փորձառություն»։





























