Երեկվա հայտարարությունը շատ մեծ և շատ կարևոր անկյունաքար է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու ճանապարհին։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Միրզոյան–Ռուբիո համատեղ հայտարարությանը։
«Սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում։ Մենք առաջ ենք ընթանում շատ ավելի մեծ տեմպերով, քան ի սկզբանե կարող էինք ենթադրել, որովհետև երբ մենք Վաշինգտոնի հռչակագրում արձանագրում էինք տարածաշրջանի կապուղիների բացումը Հայաստանի Հանրապետության համար, այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի ապահովումը Հայաստանի Հանրապետության համար փոխադարձ առավելություններով, և մենք ենթադրում էինք, որ Հայաստանը պիտի երկաթուղային կապ ստանա արտաքին աշխարհի հետ, և դա տեղի ունեցավ, կարծում եմ, շատ ավելի վաղ, քան Հայաստանը և միջազգային հանրությունը սպասում էին։
Այսօր արդեն Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ, քան Հայաստանի և միջազգային հանրությունը սպասում էր, գուցե նաև Ադրբեջանը»,– հայտարարեց Փաշինյանը։





























