Ford ավտոարտադրողը պատրաստվում է վերադառնալ մրցարշավների բարձրագույն դաս եւ 58 տարվա ընթացքում առաջին անգամ ձգտել հաղթանակի Լե Մանի 24-ժամյա մրցարշավում, գրել է Autocar-ը։

Այդ նպատակով ընկերությունը մշակում է նոր հիպերմեքենա, որը կօգտագործի Mustang GT3 մրցարշավային մեքենայի 5.4 լիտր ծավալով մթնոլորտային «Coyote» ութցիլինդրանի (V8) շարժիչը։ Այն հիմնված է սերիական Mustang-ի շարժիչային համակարգի վրա եւ նշանային է ապրանքանիշի համար։

Ընկերությունը հայտարարել է, որ 2027թ․ LMDh դասի հիպերմեքենայով կմասնակցի FIA (WEC) դիմացկունության աշխարհի առաջնությանը: Ford-ը վերջերս ներկայացրել է շարժիչային համակարգի տեխնիկական բնութագրերը եւ ապագա մեքենայի թիզերային պատկերը, որն այժմ անցնում է աերոդինամիկական փորձարկումներ ընկերության աերոդինամիկական խողովակում: Առաջին անգամ մրցուղի դուրս գալը նախատեսված է այս տարվա երկրորդ կեսին։

LMDh կանոնների համաձայն՝ արտադրողները պարտավոր են օգտագործել չորս հաստատված մատակարարներից մեկի շասսին. Ford-ը ընտրել է ֆրանսիական Oreca-ն: Այս շասսին կարող է տեղավորել սեփական թափքի բաղադրիչներ, ինչպես նաեւ հիբրիդային համակարգ՝ 671 ձիաուժ սահմանափակ հզորությամբ: Բոլոր մեքենաներն ունեն միայն հետեւի անիվների քարշ, չնայած արտադրողներին թույլատրվում է օգտագործել իրենց սեփական ներքին այրման շարժիչները։

Ford Racing-ի հիպերմեքենաների ծրագրի ղեկավար Դեն Սայերսն ընդգծել է, որ «երբ ձեր զինանոցում ունեք նման կուլտային շարժիչ, ապա այլընտրանքներ փնտրելու հարկ չկա»: Նա ասել է, որ V8 շարժիչի օգտագործումը կամուրջ է 1966թ․ լեգենդների եւ 2027թ․ ապագայի միջեւ:

Հայտնի է, որ 1960-ականներին Լե Մանում հաղթած բոլոր չորս GT40-ներն ունեին V8 շարժիչներ. 7.0 լիտրանոց շարժիչ՝ 1966 եւ 1967թթ․, իսկ կանոնների փոփոխություններից հետո՝ 4.9 լիտրանոց շարժիչ՝ 1968 եւ 1969թթ.։

Նոր ծրագրի համար V8 շարժիչը ամբողջությամբ մշակվում է ընկերությունում՝ Ford-ի Միչիգանի գլխավոր գրասենյակի ինժեներների եւ Red Bull Ford Powertrains Ֆորմուլա-1 նախագծի մասնագետների մասնակցությամբ։

Ford-ի վերադարձը Լե Մանի թոփ-դաս կլինի նրա առաջին լուրջ փորձը C խմբի C100 նախագծի ձախողումից հետո, որը սկսվել էր 1981թ․, բայց չեղարկվեց 1982-ին՝ թույլ արդյունքների պատճառով։