Ձյունածածկ Ալպերում անցկացված փորձարկումները ցույց տվեցին, թե ինչու է Lamborghini-ն ստեղծել Huracan Sterrato-ն, գրում է Motorious-ը։

Մեքենան, որը բոլոր կանոններով պետք է լիներ կատարյալ ասֆալտի վրա, վստահորեն շարժվում էր ձյան և խճի վրայով՝ ձյան ու ցեխի շիթեր բարձրացնելով այնտեղ, որտեղ սովորական սուպերքարերը նույնիսկ չէին համարձակվի հայտնվել։

Այս թեստերը փաստեցին. Sterrato-ն ոչ թե դիզայներական փորձարկում է, այլ իրական աշխատանքային հայեցակարգ, որն ընդունակ է դուրս գալ նման դասի մեքենաների համար սովորական միջավայրի սահմաններից։

Sterrato-ի հիմքում ծանոթ Huracan-ն է, սակայն դրա փիլիսոփայությունն ամբողջությամբ վերանայված է։ Ճանապարհային լուսածերպն (клиренс) ավելացել է մոտ 44 միլիմետրով, կախոցը վերակարգավորվել է անհարթ ծածկույթների համար, իսկ թափքը ստացել է պաշտպանիչ տարրեր, լայնացված անվակամարներ և լրացուցիչ օպտիկա, ինչն ընդգծում է մոդելի «արկածային» բնույթը։ Այս ամենը մեքենան դարձնում է ավելի կայուն և պաշտպանված խճի, ձյան կամ քանդված ճանապարհների վրա։

Տեխնիկապես Sterrato-ն մնում է լիարժեք Lamborghini։ Կապոտի տակ 5,2 լիտրանոց, 10 գլանային մթնոլորտային շարժիչ է՝ մոտ 610 ձիաուժ հզորությամբ, որն աշխատում է լիաքարշակ համակարգով և յոթաստիճան երկկցորդային փոխանցման տուփով։

Մինչև 100 կմ/ժ արագացումը տևում է երեք վայրկյանից մի փոքր ավելի, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է մոտ 260 կմ/ժ-ով. սա զիջում է՝ հօգուտ անցունակության և կայունության։ Կարևոր դեր ունի նաև ANIMA համակարգի Rally հատուկ ռեժիմը, որը փոխանցման տուփի և էլեկտրոնիկայի աշխատանքը հարմարեցնում է ցածր կառչողականություն ունեցող մակերևույթներին։

Huracan Sterrato-ն յուրահատուկ տեղ է զբաղեցրել Lamborghini-ի մոդելային շարքում։ Այն շարունակում է ապրանքանիշի համարձակ փորձարկումների ավանդույթը՝ սուպերքարի ԴՆԹ-ն միավորելով ազատության և ասֆալտից դուրս շարժվելու գաղափարի հետ։

Ալպյան թեստերը միայն հաստատեցին՝ սա այն եզակի դեպքերից է, երբ էկզոտիկ մեքենան չի վախենում իրական աշխարհից և պատրաստ է արկածների այնտեղ, որտեղ ավարտվում են հարթ ճանապարհները։