Լոս Անջելեսի շրջանի դատախազ Նաթան Հոխմանը հայտարարել է, որ դաշնային գործակալները ուրբաթ օրը ապօրինաբար ձերբակալել են իր գրասենյակի աշխատակցին, հայտնում է CBS News-ը։

«Ես գրում եմ ձեզ՝ տեղեկացնելու մեր գործընկերներից մեկի մասնակցությամբ անհանգստացնող միջադեպի մասին», – ասվում է Հոխմանի այն գրության մեջ, որը նա տարածել է իր աշխատակիցների շրջանում։ Այդ մասին առաջինը հայտնել էր LA Times-ը, իսկ հետագայում CBS LA-ն ստացել էր հաստատում դատախազի գրասենյակի աղբյուրից։ «Մեր գրասենյակի աշխատակիցը ապօրինաբար ձերբակալվել է միգրացիոն և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների կողմից»։

Շրջանի դատախազը նաև նշել է, որ աշխատակիցը որոշ ժամանակ անց ազատ է արձակվել և նրան վտանգ չի սպառնում։

«Այս միջադեպը անընդունելի է։ Մեր աշխատակիցը նվիրված պետական ծառայող է, որը մասնագիտական և բարեխիղճ կերպով ծառայում է Լոս Անջելեսի շրջանի բնակիչներին։ Այս անհանգստացնող իրավիճակը մեծ անհանգստություն է պատճառել մեր գործընկերոջը, նրա ընտանիքին և մեր ամբողջ գրասենյակային ընտանիքին», – ընդգծել է Հոխմանը։

Նա ասել է, որ կապ է հաստատել դաշնային գործընկերների և այլ կառույցների հետ՝ նրանց տեղեկացնելու միջադեպի մասին։ Չի հստակեցրել, թե որ գերատեսչություններին է գրել, բայց նշել է, որ «կոչ է արել ավելի հարգալից վերաբերվել մեր համայնքում ապրողների իրավունքներին և ապահովել, որ նման ապօրինի վարքագիծ այլևս չկրկնվի»։

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչը, արձագանքելով միջադեպի վերաբերյալ մեկնաբանության խնդրանքին, հրապարակել է հայտարարություն․ «Ո՛չ ICE-ը, ո՛չ CBP-ն որևէ տեղեկություն չունեն Լոս Անջելեսի շրջանի դատախազության աշխատակիցների ձերբակալության մասին։ Մեր իրավապահ մարմինների նկատմամբ ցանկացած մեղադրանք ռասայական պրոֆիլավորմամբ կեղծ և զազրելի է»։