Politico-ն, վկայակոչելով Սպիտակ տան ծրագրերին ծանոթ երեք աղբյուրների, հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է Կուբա նավթի ներմուծման լիակատար շրջափակում կիրառելու հնարավորությունը։

Գաղափարն առաջ են մղում նախագահի թիմի որոշ «բազեներ», որոնք ստացել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությունը։ Վերջնական որոշում դեռևս չի ընդունվել. նախատեսվում է, որ ծրագիրը կներկայացվի Թրամփին՝ ճնշման այլ միջոցառումների հետ միասին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կուբան «խոր խնդիրների մեջ է» և որ կղզու ռեժիմը շուտով «կտապալվի»։ Այդ հայտարարությունը հնչել է Կարակասում ԱՄՆ ռազմական գործողությունից և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո։ «Լիակատար վճռականություն» գործողության օրը ԱՄՆ նախագահը Հավանային զգուշացրել է և նշել ԱՄՆ-ի պատրաստակամությունն օգնել «ողբալի վիճակում» հայտնված Կուբային։