37-ամյա բուժեղբայր Ալեքս Պրետիի սպանությունը Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում կրկին առաջացրել է բողոքի ցույցեր՝ ընդդեմ ԱՄՆ որոշ նահանգներում ներգաղթի սահմանափակող միջոցների խստացման, հայտնում է CNN-ը։
Ցույցեր են տեղի ունեցել սկսած Նյու Յորքից, որտեղ մարդիկ պաստառներով պահանջել են դադարեցնել Ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) գործողությունները, մինչև Լոս Անջելես, որտեղ անցկացվել է գիշերային աղոթք մոմերով։
Նշվում է նաև, որ տեղի ունեցածի ֆոնին Մինեապոլիսում չեղարկվել են մարզական և մշակութային միջոցառումներ, փակվել են թանգարաններ և մի շարք այլ հաստատություններ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 37-ամյա բուժեղբայր Ալեքս Պրետին մահացել է դաշնային գործակալների ձեռքով։
ԱՄՆ վարչակազմը պաշտպանել է Ներգաղթի և մաքսային ոստիկանությանը (ICE)՝ հայտարարելով, որ կրակոցը տեղի է ունեցել ինքնապաշտպանության նպատակով և Պրետին զինված է եղել։ Սակայն ականատեսները պնդում են, որ կրակոցի պահին Պրետին անզեն է եղել և մահվանից առաջ դաժանորեն ծեծվել է դաշնային գործակալների կողմից։
Ականատեսների վկայությամբ հակամարտությունը սկսվել է այն ժամանակ, երբ Պրետին փորձել է օգնել մարդկանց, որոնք ձերբակալվել էին դաշնային գործակալների կողմից։





























