Կանխիկ գործառնությունների սահմանափակման օրինագիծը մի նպատակ է հետապնդում` Հայաստանում ձեւավորել ֆինանսաօլիգարխիկ կապիտալիզմ: Փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը:
Ըստ Բագրատյանի, Տիգրան Սարգսյանը ներմուծող օլիգարխից ֆինանսական օլիգարխ է բուծում: Ընդ որում, օրինագիծը որեւէ կերպ չի նպաստելու ստվերի կրճատմանը: «Բանկերն ասում են, որ երեք միլիոնից ավել գործարքը բանկով պիտի անեք: Հին հայտնի սովետական պատմություն է, սովետում էլ տենց թվեր կային: Տիգրան Սարգսյանը օլիգարխներին դարձնում է ֆինանսական օլիգարխներ ու նրանց հասկացնում է, որ աշխարհում ուրիշ փող չկա»,- ասել է Բագրատյանը:
Նախկին վարչապետի խոսքով, նման օրինագիծ ներկայացնելու փոխարեն անհրաժեշտ է շուկան կարգավորել: «Իմ խնդիրն է` կուզեմ բանկով գործարք կանեմ, կուզեմ` բանկով չեմ անի: Քո ի՞նչ գործն է, գալիս ասում ես, թե մեքենայով տանես, քեզ վտանգ է սպառնում: Սրա նպատակն այն է, որ բանկերը փող աշխատեն, ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում»,- նշել է Բագրատյանը: Նա նկատել է, թե նման մի օրինագիծ էլ ներկայացվել էր Ռուսաստանում, սակայն այնտեղ չաշխատեց:
Նախկին վարչապետը նաեւ գովել է «Բարգավաճ Հայաստանի» դիրքորշումը, որ հրաժարվեց մասնակցել քվեարկությանը` տապալելով այն:




























