Եվրոպական բանակ ստեղծելու փոխարեն պետք է փնտրել Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմական համագործակցության նոր ուղիներ։ Այս կարծիքն է հայտնել ՆԱՏՕ ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ջուզեպե Կավո Դրագոնեն Corriere della Sera թերթի հարցազրույցում։
«ՆԱՏՕ-ն ունի բոլոր գործիքները՝ ճգնաժամին արձագանքելու եւ իր մասին հոգալու համար։ Եվրոպական բանակի մասին խոսելու փոխարեն մենք պետք է փորձենք գտնել Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմական համագործակցության նոր ուղիներ»,- ասել է նա։ Նրա կարծիքով՝ դրական փաստն այն է, որ Եվրոպան պարտավորվել է ավելացնել ռազմական ծախսերը։ «Այժմ պետք է մեծացնել գործառնական պարտավորությունները»,- ավելացրել է նա։ Միեւնույն ժամանակ, ծովակալը կարծում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է առաջատար դեր խաղալ ՆԱՏՕ-ում եւ համաձայն է դաշինքի գլխավոր քարտուղարի հետ, որ ԱՄՆ-ԵՄ հարաբերություններն այս համատեքստում կարեւոր են։
Ծովակալը ՆԱՏՕ-ում որեւէ ճգնաժամ չի տեսնում, ինչի մասին խոսում են Գրենլանդիայի իրավիճակից հետո։ «ՆԱՏՕ-ն ընդհանրապես ճգնաժամի մեջ չէ։ Այն կարիք ուներ կատալիզատորի, եւ մենք դա գտել ենք։ Այժմ բացվում են նոր հորիզոններ, եւ բոլոր քննադատությունները, նույնիսկ կոշտ, պետք է հանգիստ գնահատվեն»,- կարծում է զինվորականը։ Նա նաեւ որեւէ մտահոգիչ բան չի տեսնում Չինաստանի եւ Ռուսաստանի Արկտիկայի նկատմամբ հետաքրքրության մեջ՝ «շնորհիվ ՆԱՏՕ-ի հակազդեցությունների»։ «Մենք ցանկանում ենք, որ Արկտիկայի տարածաշրջանը մնա ազատ, բոլորի համար հասանելի, չռազմականացված եւ պահպանվի նավարկության ազատությունը»,- հայտնել է Դրագոնեն։




























