Ձյան առատ տեղումների պատճառով, Երեւանում, որեւէ տրանսպորտային միջոց իր աշխատանքները չի դադարեցրել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հավաստիացում արեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Մեր դիտարկմանը, թե ահազանգ ունենք, որ քաղաքացին Դավիթաշեն վարչական շրջանում 30 րոպեից ավելի սպասել է թիվ 33 երթուղու ավտոբուսին, որն այդպես էլ չի եկել արձագանքեց. «Ես բնակվում եմ Դավիթաշենում եւ ժամը 08:40-ին իմ դիտարկումները սկսել եմ 33-րդ երթուղու դիսպեչերական կետից, որտեղ 33 համարը կանգնած է եղել: Այս պահին թիվ 33 երթուղին սպասարկող 13 մեքենա կա սպասարկող: 36-րդ երթուղում մեքենաները մի փոքր քիչ են: Պատճառաբանում են, որ Զովունիում ճանապարհները լավ չեն»:
Նրա խոսքով, խնդիրը ոչ թե այն է, որ տրանսպորտ չկա, այլ ձյան տեղումները շատ են, ճանապարհի վրա ձյան շերտը բարձր է եւ մեքենաները դանդաղ են աշխատում: Այդ առումով, ըստ նրա, մեքենաների միջեւ ժամանակային հեռավորությունը ավելի մեծ է:
Հարցին, թե դժգոհությունների դեպքում քաղաքացիները ինչ պետք է անեն, նա առաջարկեց զանգահարել թեժ գծի հետեւյալ համարին` 39-16-53:
Նշենք, որ այսօր Երեւանի շատ փողոցներ պարզապես չեն մաքրվել ձյան շերտից, իսկ երթուղային տաքսիներն էլ աշխատել են վատ կամ ընդհանրապես չեն աշխատել:




























