Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել է, թե երկրի կառավարությունը շարունակելու է ջանքերը կղզու եւ այնտեղ ապրող ժողովուրդների միավորման ուղղությամբ՝ այդ հարցում ցուցադրելով կայանություն եւ բարի կամք, հայտնում է կիպրական Famagusta Gazette-ն:

Նախագահի ուղերձում, որ հրապարակվել է մայրաքաղաք Նիկոսիայի հայկական եկեղեցում, մասնավորապես ասված է. «Մենք հավատարիմ ենք մնում հույն, թուրք կիպրոսցիների, մարոնիտների, հայերի եւ այլոց համար խաղաղ, հաջողակ ու միացյալ հայրենիքի կառուցման գործին: Այդ ջանքերը հիմնված են կայունության եւ բարի կամքի վրա՝ հաստատելով մեր իրավունքները որոշակի սկզբունքների նկատմամբ: Մենք ձգտում ենք բազմաշերտ հանրության ստեղծմանը՝ միացյալ պետությամբ, քաղաքացիությամբ եւ ընդհանուր միջազգային դիմագծով»:

Խոսելով Կիպրոսում ապրող հայ համայնքի մասին, երկրի նախագահն ընդգծել է, թե «մեզ կապում են բարեկամության սերտ կապերը, իսկ մեր ընդհանուր պայքարը վկայում է հույն կիպրացիների եւ Կիպրոսի հայերի անցած պատմական ուղու մասին: Կիպրոսն ու նրա ժողովուրդը միշտ եղել են հայերի կողքին նրանց համար կարեւոր պատմական պահերին»:

Բացի այդ, Դ. Խրիստոֆիասը հիշեցրել է, որ Կիպրոսը եղել է առաջին եվրոպական երկիրը, որ պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը: