Իսրայելի առեւտրի եւ արդյունաբերության նախարարը հայտարարվածի համաձայն` ժամանեց Թուրքիա: Թուրքիայում նա հետաքրքիր հայտարարություններով հանդես եկավ: Իսրայելի առեւտրի նախարար` Բենիամին Բեն Էլեզիրի հայտնած տեսակետները խիստ տարբերվեցին Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հայտարարություններից:

Թուրքական CNNturk-ին հարցազրույց տված իսրայելցի նախարարը նշում է. «Ժողովրդավարական հասարակություններում ենք ապրում: Արտգործնախարարի կարծիքը կարող է իմից տարբերվել: Բայց հիշեցնեմ, որ ես ներկայացնում եմ Իսրայելի կառավարությունը եւ վարչապետին:

Թուրքիան Մերձավոր Արեւելքում խոսքի իրավունք ունեցող երկիր է: Մերձավոր Արեւելքի անկայունությունը Թուրքիայի շահերից չի բխում: Թուրքիան կողմերի միջեւ միջնորդ հանդես գալով` պետք է անկողմնակալ լինի:

Պետությունների հարաբերությունների մեջ լինում են վայրէջքներ եւ վերելքներ: Դա ամեն ընտանիքում էլ լինում է: Մենք մի ընտանիք ենք եւ կարեւորը դա է:

Ես Թուրքիան շատ եմ սիրում: Թուրքական կառավարության հանդեպ հարգանք ունեմ: Համարյա 10 տարի իրար հետ ենք աշխատում: Երբ դուռը կփակվի` ես բացելու համար կվազեմ:

Ես Թուրքիա եմ եկել Իսրայելի տնտեսության մեջ առաջատար 22 գործարարների հետ: Մենք ցանկանում ենք Թուրքիայի հետ շարունակել բարեկամությունը»,-ասել է Իսրայելի առեւտրի նախարարը: Վերջինս ավելացրել է, որ ինքը ուղերձ է բերել, որ Թուրքիան շարունակի միջնորդ հանդես գալ Սիրիա-Իսրայել հարաբերություններում: Նա պատրաստվում է դա ներկայացնել Թուրքիայի ղեկավարությանը:

Իսրայելցի նախարարը նաեւ նշել է, որ եթե պաղեստինցիները լավ նպատակներով առաջ շարժվեն` ապա, անհրաժեշտ է վերադարձնել Իսրայելի հսկողության տակ գտնվող հողերի մի մասը:

Թուրքական Kenthaber կայքէջի փոխանցմամբ՝ Իսրայելի առեւտրի նախարարը ստամբուլյան հանդիպումների հաջորդ օրը մեկնել է Անկարա։ Օդանավակայանում նրան դիմավորել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ փոխվարչապետ Բյուլենտ Առինչը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Իսրայելի առեւտրի նախարար` Բենիամին Բեն Էլեզիրի այցից առաջ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, որ Իսրայելի հասցեին վերջին ժամանակներս Թուրքիայի արած վիրավորանքներից հետո վերջինս չի կարող միջնորդ հանդիսանալ իսրայելա-պաղեստինյան հարաբերություններում:

Իսրայել-Թուրքիա հարաբերությունները լարվեցին 2008 թվականի դեկտեմբերի վերջից, երբ իսրայելական ուժերը 22 օր շարունակ ռմբահարում էին պաղեստինյան տարածքները: Իսկ լարվածության գագաթնակետը եղավ Դավոսում Էրդողան-Պերես երկխոսության ժամանակ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեղադրելով Իսրայելին խաղաղ բնակչության կոտորածի մեջ, հրապարակայնորեն լքեց համաժողովի սրահը:

Թուրքիան հոկտեմբերին հայտարարեց, որ չեղյալ է համարում «Անատոլիական արծիվ» զորավարժությանը Իսրայելի մասնակցությունը:

Թուրքիայում Իսրայելի դեսպանը փորձեց իրավիճակը մեղմելու նպատակով շրջել երկրի նահանգներով, սակայն ամենուր նրան դիմավորում էին բողոքներով եւ վիրավորանքներով:

Մի քանի օր առաջ էլ Թուրքիան չեղյալ համարեց իսրայելական անօդաչու ինքնաթիռների գնման համաձայնագիրը:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ամերիկյան պաշտպանության ոլորտի Defense news-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան աշխարհում միակ երկիրն է, որտեղ ժողովրդավարության հետ կապ չունեցող կառույցը, այսինքն՝ բանակը, պահպանում է երկրի ժողովրդավարությունը: «Թուրքիան տարածաշրջանում հարգանքի արժանի երկիր է եւ ՆԱՏՕ-ի անդամ: Չպետք է պահի ազդեցության տակ առաջացած լարվածության զոհը դառնանք»,-ասել է Իսրայելի նախագահը եւ ավելացրել, որ Թուրքիան Իրանի կողքին տեղ զբաղեցնելով` պակասեցրել է իր հարգանքը աշխարհում: