Թեեւ քրեական աշխարհը հայտնի է իր չգրված օրենքներով, սակայն նրանք ունեն նաեւ «գրավոր» արտահայտչամիջոցներ` հատուկ դաջվածքներ, որոնք ունեն իրենց իմաստն ու բովանդակությունը:

Քրեական աշխարհում կիրառվող դաջվածքները Խորհրդային միությունից մինչ օրս արդիական են եւ տեղ են գտնում տվյալ միջավայրի ներկայացուցիչների շրջանում: Այդ դաջվածքներն արվում են թե’ ինքնակամ, թե’ ստիպողաբար:

Քրեական աշխարհում մինչեւ հիմա հայտնի է մոտավորապես 2700 դաջվածք: Սկզբնական շրջանում նրանք մատների, թեւերի եւ ոտքերի վրա դաջում էին իրենց անվան առաջին տառերը, բայց հետագայում դրանք վերածվեցին բովանդակային պատկերների:

NEWS.am-ը զրուցեց քրեական աշխարհի դաջվածքներն ուսումնասիրած եւ ուսումնասիրող Սերգեյ Գալոյանի հետ, ում հայտնի է մոտավորապես 1500 այդպիսի դաջվածք: Դրանցից Հայաստանում տպագրված է 250-560-ը: Այդ դաջվածքները տեղ են գտել քրեական, գողական, մաֆիոզ աշխարհի ներկայացուցիչների մարմինների վրա: Դրանց կիրառությունը հասնում է անգամ Արեւելյան երկրներ` մինչեւ Հնդկաստան:

Քանի որ բովանդակային դաջվածքները շատ են, կփորձենք ներկայացնել լայն տարածում ունեցող դաջվածքներից մի քանիսը:

1. «Դաշույնի վրա փաթաթված վարդ» պատահում է նաեւ, որ վերեւում վանդակաճաղ է պատկերված: Տվյալ դաջվածքը նշանակում է, որ այն կրողը պատժվել է խուլիգանության համար: Արվում է նախաբազկին կամ ուսին: Եթե դաշույնը կամ վարդն առանց վանդակաճաղի են, նշանակում է, «Արյուն` դավաճանության համար»:

2. Թեւավոր անիվների վրա պատկերված կնոջ դաջվածքը կոչվում է «Բախտի անիվ»: Այն հիմնականում արվել է կանանց մոտ, բայց տղամարդիկ էլ են օգտվել: Խորհրդանշում է հաջողության հասնելու հավատ, դաջվում է կրծքին:

 

 

 

3. Ութաթեւ աստղի տեսքով դաջվածքն արվում է «օրենքով գողերի» ու բանտախցի «հարգվածի» անրակներին:

 

 

 

4. Մատը շրթունքներին ուղղած կնոջ պատկերով դաջվածքը կոչվում է «Լռություն»: Այն խորհրդանշում է անվստահություն կնոջ նկատմամբ: Դաջվում է կրծքին:

 

 

5. Ծխող ջինի եւ սարդի պատկերով դաջվածքը թմրամոլներին բնորոշող դաջվածք է: Այն արվում է ստիպողաբար` հասարակությանը նրանց ներկայությունից ապահովագրելու համար: Բնականաբար նրանք ընդդիմանում են, սակայն եթե որոշված է, որ այդ դաջվածքը պետք է արվի, այն արվում է, նույնիսկ նրանց ձեռքերը եւ ոտքերը կապելու գնով:

Սափորից դուրս ելնող ջինի պատկերը դաջվում է կրծքին կամ ազդրի առջեւի մասում: Իսկ ոստայնի մեջ խճճված սարդի պատկերը դաջվում է գլխի վրա, որը մազերով ծածկված է: Սարդն առանց սարդոստայնի նշանակում է նաեւ գրպանահատ:

 

 

 

6. Ստիպողաբար արվող դաջվածքների թվին պատկանում է նաեւ նետից խոցված երեք խաղաքարտի պատկերը: Թղթախաղում խաբեությամբ զբաղվողների` «շուլեռների» տարբերակիչ նշաններն են:

 

 

7. Արեւի պատկերը, որի մեջ եղնիկ է պատկերված, իսկ տակը գրված «Север» նշանակում է, որ կրողը պատիժը կրել է հյուսիսում: Կարող էր գրվել նաեւ Ուկրաինա, Խաբարովսկ եւ Խորհրդային միության, այլ բնակավայրերի անուններ: Այս դաջվածքը արվում է ինքնակամ, քանի որ դա այն կրողների համար պատվի հարց է` իրենք «նստել» են «Север»-ում:

8. Հատկանշական է փշալարերով շրջանակի մեջ պատկերված Ստալինի պատկերով դաջվածքը, որտեղ Ստալինի նկարի կողքին գրված է Нас татары гнули-хрен согнулиб, а коммунисты так согнули-хрен разогнешь: Սա հազվագյուտ մարդիկ են կրել, սակայն մինչ օրս չի հայտնաբերվել, թե ովքեր են այն կրողները:

9. Ուղղահայաց գծի մի ծայրին խոցված սիրտ, իսկ մյուս ծայրին վարդ պատկերված դաջվածքը կրող գողերը եւս ինքնակամ են կրում այդ դաջվածքը: Այն կրողները լիրիկական գողերն են:

10. Զանգով դաջվածքը կոչվում է «Զանգից զանգ» նշանակում է, որ հանցագործը ժամկետից շուտ չի ազատվել բանտից կամ գաղութից:

 

 

11. Воля բառը կրող դաջվածքը, որի վերեւը արեւն է պատկերված եւ աղավնիները նշանակում է «Ազատություն» «Այդ քաղցր բառը` «Ազատություն»:

 

 

12. Ոտքերի դաջվածքներ եւս եղել են ակտուալ, որոնց վրա գրված գրառությունները բացահայտում է այդ մարդկանց էությունը, բայց քչերն է, որ կարող են այն տեսնել: КПСС приведет всех в могилу, Они тащат в рабство - Гулаг եւ այլն:

Նույն կրիմինալ աշխարհում կան հատուկ կանանց համար նախատեսված դաջվածքներ, որին կանդրադառնանք առաջիկայում:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը