Ձախկենտրոն Սոցիալիստական կուսակցության թեկնածու Անտոնիու Ժոզե Սեգուրուն հաղթանակ է տարել Պորտուգալիայի նախագահական ընտրություններում։ Փետրվարի 8-ին կայացած երկրորդ փուլում Սեգուրուն առաջ է անցել ծայրահեղ աջակողմյան «Chega!» («Բավական է») կուսակցության թեկնածու Անդրե Վենտուրայից։ Սեգուրուն հավաքել է ձայների գրեթե 67%-ը, իսկ նրա մրցակիցը՝ 33%-ը։
Առաջին փուլում Սեգուրուն զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով 31,1%, իսկ Վենտուրան ստացել էր ձայների 23,52%-ը։
Սեգուրուն կդառնա վերջին 20 տարվա ընթացքում Պորտուգալիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած առաջին սոցիալիստը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Սեգուրուին հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ եվրոպական ընդհանուր արժեքներին Պորտուգալիայի աջակցությունը «ամուր է մնում»։
Վենտուրայի արդյունքը, չնայած այն բանին, որ նա զգալիորեն հետ է մնացել առաջատարից, լավագույնն է եղել իր կուսակցության պատմության մեջ, որը ստեղծվել է 2019 թվականին, սակայն արդեն խորհրդարանի խոշորագույն ընդդիմադիր ուժն է։ Վենտուրան, շնորհավորելով մրցակցին հաղթանակի կապակցությամբ, հայտարարել է, որ աջերը ամրապնդում են իրենց դիրքերը և «շուտով կկառավարեն այս երկիրը»։
Պորտուգալիայի նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Հիմնականում այս պաշտոնը ենթադրում է ներկայացուցչական գործառույթներ, սակայն Պորտուգալիայի նախագահներն ունեն կառավարության ղեկավար նշանակելու, վետո դնելու և նույնիսկ խորհրդարանը ցրելու իրավունք։
Երկրորդ փուլի նախընտրական քարոզարշավը Պորտուգալիայում անցել է հունվարի վերջին երկրին պատուհասած կործանարար «Քրիստին» փոթորկի հետևանքների վերացման ֆոնին: Բնական աղետի հետևանքով զոհվել է վեց մարդ, հարյուր հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրամատակարարման:
Վենտուրայի նախընտրական քարոզարշավի կետերից մեկը միգրացիոն քաղաքականության խստացումն է եղել: Սեգուրուն, իր հերթին, հայտարարել է, որ միգրացիան տնտեսական անհրաժեշտություն է՝ միևնույն ժամանակ ընդունելով այդ ոլորտում կարգավորումները բարելավելու անհրաժեշտությունը:





























