Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, փետրվարի 12-ին, Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մի խումբ ավստրիացի կաթոլիկ ուսանողների` ուղեկցությամբ հայագետ Յասմին Դունթղագութի:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Յասմին Դունթղագութը շնորհակալություն է հայտնել Գարեգին Բ-ին ընդունելության համար եւ ներկայացրել այցելության նպատակը: Նա մասնավորապես նշել է, որ Ավստրիայի տարբեր քաղաքներից ու համալսարաններից հավաքված եւ տարբեր մասնագիտություններ ունեցող ուսանողների այս խումբն ամեն տարի այցելում է որեւէ մի քրիստոնյա երկիր։ Այս տարի խումբը այցելել է Հայաստան` ծանոթանալու հայկական հարուստ մշակույթին, պատմությանը, եկեղեցուն եւ առհասարակ հայերի առօրյա կյանքին:
Կաթողիկոսն ուրախություն է հայտնել ուսանողներին ընդունելու կապակցությամբ` նշելով, որ նրանց այցելությունը հիշեցնում է իր ուսանողության տարիներն Ավստրիայում: Նա իր օրհնությունն է բերել երիտասարդներին` մաղթելով, որ Հայաստանի հարուստ հոգեւոր մշակույթը նորանոր ներշնչումների աղբյուր դառնա նրանց համար:




























