Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վերընտրված քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը իր մրցակից թեկնածուի` ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանից դեռ շնորհավորանքներ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցից հետ զրույցում տեղեկացրեց Արամ Դանիելյանը, հավելելով, որ փոխարենը ինքը շարունակում է շնորհավորանքներ ստանալ կուսակիցներից, ովքեր ընտրությունների ընթացքը գերազանց են գնահատում:

Խոսելով առաջիկա անելիքների մասին, նա նշեց, որ առաջին հերթին շարունակելու են քաղաքաշինական ծրագրերը եւ անավարտ գործերը: Հարցին, թե ինչպե՞ս անցավ ընտրապայքարը եւ արդյոք Սասուն Միքայելյանն իր համար ուժե՞ղ հակառակորդ էր, Հրազդանի քաղաքապետը պատասխանեց. «Մեր հակառակորդին մենք վաղուց ենք ճանաչում: Արդեն  4 անգամ մենք ընտրապայքարի մեջ ենք եղել նրա հետ եւ մեզ համար դա արդեն սովորական ընտրապայքար էր: Մենք միմյանց լավ ճանաչում էինք, մենք իրենց ծրագրերին ու մեթոդներին էինք ծանոթ, իրենք էլ` մեր»:

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի շտաբի այն հայտարարություններին, թե եղել են ընտրախախտումներ, սակայն իրենք չեն բողոքարկելու ընտրության արդյունքները, Ա. Դանիելյանն ասաց. «Եթե ընտարախախտումներ են եղել, որոնք ազդել են ընտրական գործընթացի վրա, թող բողոքարկեին: Բայց դրանք այն ընտրախախտումները չէին, որ ազդեին ընտրությունների արդյունքների վրա: Ընտրությունները անցել են ժողովրդավարության տառին համապաատասխան»:

Դիտարկմանը, որ բոլոր դեպքերում, Սասուն Միքայելյանն ստացել է 11506 ձայն, հետեւաբար ինչպե՞ս է պատրաստվում աշխատել իրեն ձայն չտված, բողոքավոր զանգվածի հետ, նա արձագանքեց. «Չէի ասի, որ դա բողոքավոր մասսան է: Բնականաբար երկու թիմն էլ աշխատում է: Դա մեր քաղաքի բնակիչներն են, մեր ժողովուրդն է եւ իրենք են որոշել, թե ում ձայն տան: Ես չեմ կարող ասել` մեր քաղաքի բնակչության այս շերտ բողոքավոր է մյուսը` ոչ: Կարող է մի կողմը Սասուն Միքայելյանի ծրագրերն է ընտրել, մյուս կողմը` մեր»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը հավաքել է  13 հազար 079 ձայն, իսկ ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը` 11506 ձայն: Հարկ է նկատել, որ ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը 45 հազար 172  է եղել, մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված եւ հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը` 19 506, անվավեր քվեաթերթիկների թիվը` 893, օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը` 0, իսկ վավեր քվեաթերթիկների թիվը` 24 585, սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը` 25 477 , անճշտությունների չափը` 13: Նշենք, որ թեկնածուները երկուսն էին. գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ում պաշտպանում է ՀՀԿ-ն, եւ «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ում պաշտպանում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը: Նշենք, որ Սասուն Միքայելյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, 2008-ին սատարել է նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվել էր ու դատապարտվել: Նրա մրցակից Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է արդեն 12 տարի: Իսկ Հրազդան քաղաքում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 43 հազար 874 է, ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 57,86 տոկոսը: