Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը մասնակցել են Վոլգայի վրա կամուրջի բացման հանդիսավոր արարողությանը։ Արարողության ընթացքում Դմիտրի Մեդվեդեւն ընդգծել է, որ «սա հաճելի, բոլորի կողմից սպասված օր է»։ «Շինարարությունն սկսվել էր 80-ականներից։ Այս կամուրջի կառուցման գործում անմիջական դեր է ունեցել այն տարիների ԽՍՀՄ նախարարների խորհրդի փոխնախագահ Հեյդար Ալիեւը,- ասել է Ռուսաստանի նախագահը,- Եվ ես ուրախ եմ, որ այս արարողությանը մասնակցում է Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը»։
Ռուսաստանի նախագահն Ուլյանովսկի օդանավակայանում անձամբ է դիմավորել Իլհամ Ալիեւին։ Նրանք օդանավակայանից հեռացել են նույն մեքենայում նստած։ Ուլյանովսկում երկու երկրների ղեկավարները կարճ բանակցություններ կունենան, որի ընթացքում կքննարկեն համագործակցության, ինչպես նաեւ միջազգային, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրին առնչվող հարցեր։
Ինչպես հայտնում է «Վեստին», բացի այդ, Մեդվեդեւը եւ Ալիեւը ծաղիկներ կդնեն քաղաքի՝ Հեյդար Ալիեւի պատվին անվանակոչված հրապարակներից մեկում եղած նրա հուշարձանին։




























