ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր դառնալու ցանկություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա` հավելելով, որ լրատվամիջոցներում տարածված այդ լուրերը անհեթեթություններ են եւ մեկնաբանելու անհրաժեշտություն էլ չկա: «Բժշկական համալսարանը շատ լավ ռեկտոր ունի, փայլուն աշխատում է, նորմալ իրականացնում է աշխատանքները, նման խնդիր գոյություն չունի»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը, ով նաեւ արդեն վեց տարի է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահն է, ԵՊԲՀ ռեկտոր դառնալու ցանկություն ունի: «Նա ներկայումս պաշտպանում է դոկտորականը, որը պարտադիր նախապայման է ռեկտորի պաշտոնին «նշանակվելու» համար»,- գրել էր թերթերից մեկը:

Նշենք, որ նա ավարտել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետը, ասպիրանտուրան շարունակել է Գերմանիայում: