Եթե Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշի, որ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը չի լինելու ՀՀԿ համամասնական ցուցակում, ուրեմն չի լինի, ոչ մի խնդիր չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարինե Աճեմյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, որ ինքը կուսակցության համամասնական ցուցակում չի լինելու:

Նա նշեց, որ առհասարակ նման խոսակցություն չի եղել, «կուսակցությունը որոշում կկայացնի, եւ այդ որոշումը բոլորիս համար կլինի կարեւոր եւ ընդունելի»: «Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի իմ աշխատանքն արդյունավետ լինի, եւ ընդհանրապես որտեղ որ աշխատում եմ, մեծ պատասխանատվությամբ կատարում եմ իմ աշխատանքը: Մեր ղեկավարությունը, ինձ թվում է, այնպես կգնահատի, ինչպես որ պետք է»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Հանրապետականը պատրաստվում է հաջորդ խորհրդարանում ավելացնել կին պատգամավորների թիվը` հների հաշվին: Նրանց փոխանցմամբ` Կարինե Աճեմյանը, միանշանակ, ցուցակում այս անգամ չի լինի: «Հերմինե Նաղդալյանի պարագայում հարցը մի քիչ բարդ է: Թեեւ նա որոշակիորեն համապատասխանում է այն կնոջ չափանիշներին, որոնց նմաններին ցանկանում են ընդգրկել կուսակցությունում, բայց նա էլ պարբերաբար հայտնվում է ՀՀԿ-ին եւ վերեւներին ոչ այդքան հաճելի պատմության մեջ: Թեեւ ՀՀԿ-ում լուրջ մտածում են Նաղդալյանին փոխարինող գտնելու մասին, բայց չի բացառվում, որ այս ընթացքում Նաղդալյանը կարողանա լիովին օգտագործել կանացի իր հնարամտությունն ու նորից ընդգրկվի ցուցակում»,- գրել էր թերթերից մեկը: