Տոկիոյի Skytree աշտարակի դիտահարթակի մոտ 1,2 հազար այցելուներ փակված են մնացել այնտեղ՝ գրեթե վեց ժամ խափանված վերելակի պատճառով։ Վերելակում այդ պահին 20 մարդ է եղել։ Ինչպես նշվում է աշտարակը սպասարկող ընկերության հաղորդագրության մեջ, դիտահարթակները երկուշաբթի օրվա ընթացքում փակ կլինեն այցելությունների համար՝ վերելակների ստուգման պատճառով։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ տեղական ժամանակով 20:15-ին, երբ մոտ 30 մետր բարձրության վրա կանգ է առել դիտահարթակները սպասարկող չորս վերելակներից մեկը։ Սկզբում փորձել են շարժման մեջ դնել խցիկը, սակայն դա չի հաջողվել, և այդ ժամանակ նույն բարձրության վրա կանգնեցրել են հարևան վերելակը։ Երկու խցիկների վթարային դռները բացել են և դրանց միջև մոտ 1 մետր երկարությամբ բազրիքներով կամրջակ են տեղադրել, որով մարդիկ անցել են աշխատող վերելակի մեջ։ Մարդիկ փակված են մնացել գրեթե վեց ժամ՝ մինչև գիշերվա 02:02-ը։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով, պատահարի ժամանակ դիտահարթակում մոտ 1,2 հազար մարդ է եղել, որոնք չեն կարողացել ներքև իջնել։ Սակայն մոտ երեք ժամվա ընթացքում նրանց բոլորին հաջողվել է օգտվել մյուս աշխատող վերելակներից։

Վերելակի խափանման պատճառները դեռևս անհայտ են։ Աշտարակը սպասարկող ընկերությունը ներողություն է խնդրել միջադեպի համար և խոստացել է իրականացնել սարքավորումների ամբողջական ստուգում։ Արդյունքում որոշվել է երկուշաբթի օրը՝ Ճապոնիայում կայսր Նարուհիտոյի ծննդյան օրվա կապակցությամբ տոնական օրը, փակել դիտահարթակները։ Տոմսեր գնած բոլոր անձանց խոստանում են վերադարձնել գումարները։