Փետրվարի 23-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ալմետևսկ քաղաքի արդյունաբերական գոտու վրա։ Տեղական վարչակազմը հայտնել է, որ խոցված ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մարդիկ չեն տուժել, «իրականացվում են հետևանքների վերացման աշխատանքներ», հայտարարել է Ալմետևսկի վարչակազմը՝ առանց մանրամասներ հստակեցնելու։
Ուկրաինական տելեգրամյան ալիքները, ինչպես նաև Astra-ն գրում են, որ հարվածը հասցվել է Կալեյկինո գյուղի մոտ գտնվող և «Տրանսնեֆտին» պատկանող նավթամղիչ կայանին։ Հրապարակվել են ուժգին հրդեհի կադրեր։
ՌԴ պաշտպանության նախարարությունը փետրվարի 23-ի առավոտյան հայտարարել է, որ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 152 անօդաչու թռչող սարք, որոնցից երեքը՝ Թաթարստանի Հանրապետության տարածքում։
«Կալեյկինո» նավթամղիչ կայանը (ՆՄԿ) պատկանում է «Տրանսնեֆտ-Պրիկամիե» ընկերությանը։ Այն մայրուղային խողովակաշարային համակարգի խոշոր հանգույց է հանդիսանում։





























