Վերջին շրջանում տեղացած առատ ձյան պատճառով, Վանաձոր քաղաքում  թեեւ բոլոր ճանապարհները բաց են, սակայն փետրվարի 8-ից մինչ օրս դեռեւս վտանգավոր ու անանցանելի են քաղաքի մայթերը, որոնք կոտրվածքների պատճառ են դառնում: Մայթերը մաքրված չեն նույնիսկ քաղաքի կենտրոնական որոշ հատվածներում, իսկ ծայրամասային փողոցների ու մայթերի վիճակն ավելի անմխիթար է:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը տեղեկացրեց, որ մայթերը չեն մաքրվել սառած լինելու պատճառով: «Մենք աղ լցրեցինք, բայց ցուրտը սառեցրեց ու տեխնիկան չկարողացավ աշխատել»,-ասաց նա:

NEWS.am-ի այն դիտարկմանը, որ քաղաքի մի շարք ծայրամասային թաղամասեր շարունակում են դժվարանցանելի լինել մեքենաների համար, բաժնի պետը հակադարձեց. «Մենք մաքրում ենք ծայրամասային թաղամասերի կենտրոնական փողոցները միայն, եթե ամեն բակ մտնող փողոց մաքրենք, համայնքի բյուջեն չի բավականացնի»:

Հավելենք, որ ըստ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետի, ձետրվարի 8-ից մինչ օրս Վանաձորում օգտագործվել է շուրջ 22 տոննա աղ, եւս 15 տոննա աղ  այսօր է բերվելու: