Իտալիայի կարաբիներների մշակութային ժառանգության պահպանության ստորաբաժանումը պետությանն է վերադարձրել Բենիտո Մուսոլինիի հինգ նախապատրաստական գրառումները։ Դրանք վերաբերում են 1944 թվականի ապրիլի 22-ին Զալցբուրգում Ադոլֆ Հիտլերի հետ նրա ունեցած հանդիպմանը։ Այս մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Նշումների հայտնաբերմանը նպաստել են հնաոճ իրերի շուկայի պարբերական ստուգումները և մասնագիտացված մարմնի՝ Պիեմոնտի և Վալե դ’Աոստայի արխիվային-մատենագիտական վարչության ահազանգը։ Վերջինս տեղեկացրել էր աճուրդում հայտնված այնպիսի փաստաթղթերի մասին, որոնց համար հայցվել էր ազատ շրջանառության և արտերկիր հնարավոր արտահանման թույլտվություն։
«Նախնական քննությունը ցույց է տվել, որ մասնավոր անձի կողմից աճուրդի տան միջոցով վաճառքի հանված ձեռագիր թերթերը պարունակում են գրառումներ, որոնց ձեռագիրը նախնական տվյալներով պատկանում է Բենիտո Մուսոլինիին։ Այդ մասին է վկայում նաև վերջին թերթի ստորին հատվածում առկա «M» մոնոգրամը, որն օգտագործվել է հենց հեղինակի կողմից», — ասված է կարաբիներների հաղորդագրության մեջ։
Գրառումները ներկայացնում են թեմաների մանրամասն ցանկ և բաժանված են երեք բլոկի՝ «Զինված ուժեր», «Քաղաքականություն» և «Տնտեսություն ու աշխատանք»: Չնայած ամսաթվի բացակայությանը, նշումների բովանդակությունը մեծապես համընկնում է 1944 թվականի գարնանը Մուսոլինիի և Հիտլերի հանդիպման ժամանակ քննարկված հարցերի հետ։ Տեխնիկական փորձաքննությունը, որն իրականացվել է այլ հավաստի ինքնագրերի հետ համադրման միջոցով, հաստատել է ձեռագրերի իսկությունը։ Որպես լրացուցիչ ապացույց է հանդիսացել նաև թերթերի բնորոշ՝ քառատակ ծալված լինելը, ինչը աշխատանքային գրառումները գրպանում կրելու հեղինակի տիպիկ սովորույթն է։
Քննությունը նաև պարզել է, որ փաստաթղթերը հնաոճ իրերի շուկայում շրջանառվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր՝ ենթադրաբար 1945 թվականի ապրիլից։ Այդ ժամանակ Մուսոլինիի գլխավորած վերջին խամաճիկային պետության՝ Իտալիայի սոցիալական հանրապետության վարչակարգի փլուզման պայմաններում անհետացել էին նրա անձնական արխիվն ու մի շարք պետական կառույցների արխիվները։
Քանի որ գրառումները կազմվել են կառավարության ղեկավարի կողմից ծառայողական պարտականությունների կատարման շրջանակում և վերաբերում են պետական ու միջազգային գործերին, դրանք ճանաչվել են որպես բացառիկ պատմական ժառանգություն, որը պատկանում է Իտալիայի պետությանը։ Փաստաթղթերը կհանձնվեն Իտալիայի մշակույթի նախարարության արխիվներին՝ գիտական ուսումնասիրության և պահպանության ապահովման համար։




























