Սեփական դիմումի համաձայն, փետրվարի 13-ին աշխատանքից ազատված Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը միշտ էլ սպասել է, որ իրեն կազատեն աշխատանքից:

NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե շատերի համար իր հրաժարականը անակնկալ էր իր համար եւս Գագիկ Գյանջումյանը արձագանքեց. «Պաշտոնը, երբեք մշտական չէ մարդու համար, բայց  ամեն դեպքում առանց մեկնաբանությունների: Դուք գիտեք, որ ոչ մի պաշտոն հավիտենական չի: Իհարկե, պետք է ժամանակ գա, նոր մարդիկ աշխատեն, դա ես միշտ էլ գիտեի»:

Գագիկ Գյանջումյանը սահմանափակվեց ընդամենն այսքանով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 13-ին, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը:Այս մասին NEWS.am-ին հայտնել էին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, Տարոն Մարգարյանը դեռեւս փոխքաղաքապետ լինելու տարիներին մշտապես ցանկացել է ազատվել Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանից եւ կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանից:

Հիշեցենք, որ դեռ քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից հետո, միանգամից շրջանառվեցին վերը նշված ղեկավարների անունները, որոնք ըստ որոշ լուրերի համաձայն պետք է հրաժարական ներկայացնեին, բայց Տարոն Մարագարյանին այդ ընթացքում չի հաջողվել համոզել Կարեն Կարապետյանին:

Իսկ ահա Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալուց հետո Սերգեյ Հովհաննիսյանը հրաժարական տվեց, իսկ Գագիկ Գյանջումյանն` ավելի ուշ: