Ես այդպիսի խոսակցություններ չեմ լսել, բայց կարող է մեկը կամ մի քանիսը, իր ակնկալածից պակաս ձայն ստանա և հասկանալի  կամ ոչ հասկանալի պատճառներով որոշակի դժգոհություն լինի, կամ մի ընկեր էլ, ասենք, իր ակնկալածից ավել սնանա և դրական իմաստով անակնկալի գա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ ՔՊ–ում ընտրությունների հետ կապված ներկուսակցական խժդժություններ կան, որ ներսում լոբբինգ է եղել, որի արդյունքում ՔՊ–ական պատգամավորները ավելի ցածր հորիզոնականներում են հայտնվել։

«Փաստը նա է, որ մենք կանոններ ենք մշակել, քարոզարշավ չենք արել, մեր պատվիրակները եկել են, ընտրել են։ Ճիշտ չէ, որ ես մեկնաբանեմ, թե ինչի են իմ ձայները ավել կամ պակաս եղել»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ–ական 38 պատվիրակներ չեն քվեարկել Փաշինյանի օգտին, Պապոյանն ասաց. «Դա նրա մասին է, որ Հայաստանում կառավարող քաղաքական ուժում բացարձակ ժողովրդավարություն է։ Այ երբ դուք հունիսի 7–ին ձեր համար մի մասի համար ցանկալի, մի մասի համար ցանկալի արդյունքների տեսնեք, մի զարմացեք, որովհետև ՔՊ–ում երևույթներ են տեղի ունենում, որոնք Հայաստանում չեն եղել։

Դուք հիմա զարմանում եք նման բաներից, բայց պետք չի զարմանալ, որովհետև ՔՊ–ի կենսունակությունը հենց դրա մեջ է, որ մեր կուսակցականը կարող է չհամարձայնվիել երկրի ղեկավարի հետ ինչ-որ հարցում, քննարկում ունենանք, վարչապետը իր մոտեցումը կարող է նաև քննարկման արդյունքում փոխել։ Այ հենց դա է ժողովրդավարությունը։ Դուք հիմա զարմանում եք  նման բանից, բայց դա հենց մեր ուժեղ կողմերից մեկն է և մենք հաստատ դրանից չենք պատրաստվում հրաժարվել»։

Անդրադառնալով նրան, որ ՔՊ հիմնադիր անդամ Հայկ Սարգսյանը չընդգրկվեց ՔՊ ցուցակում, արդյոք դա ժողովրդավարական քայլ էր, Գևորգ Պապոյանն ասաց. «Ամեն ինչն է ժողովրդավարական։ Դուք նույնիսկ դա չեք ըմբռնել, որ մեր կուսակցությունը հենց այդպիսին է՝ մտքով ազատ, բաց, փոփոխության ենթարկվող։

Շատերը վարչապետի, ասենք, 2014–ի մի հայտարարություն վերցնում են ու մեկ էլ 2026 թվականի հայտարարություն իրար կողքի են դնում, տեսնում ես՝ մոտեցումը մի փոքր փոխվել է։ Իրականում ողբերգություն կլիներ մեր պետության համար և ցանկացած քաղաքական գործչի համար, եթե ինքը 12 տարվա ընթացքում մնար նույն կարծիքին։ Որովհետև 12 տարվա ընթացքում կյանքում ու աշխարհում այնքան բան է փոխվել։ Մարդը մեկ գիրք ավել կարդա, ինքը մի քիչ ուրիշ կերպ է մտածելու, քան մինչև այդ մեկ գիրք կարդալը։ Եվ եթե որևէ մեկը 12 տարի առաջ մտածում է ամեն ինչ այնպես, ինչպես հիմա, դա այդքան էլ լավ բանի մասին չի խոսում այդ մարդու մասին։ Դա նշանակում է, որ մենք աշխարհի փոփոխություններին չենք հարմարվում»։