The New York Times թերթը, հիմնվելով Իրանի ղեկավարության իր վեց աղբյուրների տվյալների վրա, պատմել է, թե ինչպես է իսլամական հանրապետությունը պատրաստվում ԱՄՆ-ի հետ հնարավոր պատերազմին։ Բոլոր ուժային կառույցները բերվել են մարտական բարձր պատրաստվածության վիճակի։ Ռեժիմի գլխավոր մտավախությունը քաղաքական քաոսն է, որը կանխելու համար ձեռնարկվել են աննախադեպ միջոցներ։ Երկրի ամենօրյա ղեկավարումը փաստացի անցել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին, որը փորձառու քաղաքական գործիչ է և ուժային կառույցների ներկայացուցիչ։

2026 թվականի հունվարից սկսած, Իրանում ընթացող մասշտաբային բողոքի ցույցերի և ամերիկյան հնարավոր օդային հարվածների սպասման ֆոնին, երկրի փաստացի ղեկավար է դարձել հենց Լարիջանին։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հենց նրան է հանձնարարել ճնշել բողոքի ցույցերը և նախապատրաստվել պատերազմին։ Լարիջանին նաև կապ է պահպանում ռեժիմի հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Կատարի և Օմանի հետ։ Բացի այդ, նա «կուլիսների հետևից» համակարգում է ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, չնայած պաշտոնապես դրանք վարում է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

67-ամյա Լարիջանին պատկանում է երկրի ամենաազդեցիկ տոհմերից մեկին. նրա հայրը հայտնի շիա իրավագետ էր, իսկ եղբայրները բարձր պաշտոններ են զբաղեցնում պետական համակարգում. մեկը Խամենեիի խորհրդականն է, մյուսը՝ Նպատակահարմարության որոշման խորհրդի նախագահը։ Նրա մյուս բազմաթիվ ազգականները նույնպես կարևոր դիրքեր ունեն Իրանի կրոնական և քաղաքական կառույցներում։

Ալի Լարիջանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) հասել է բրիգադային գեներալի կոչման և տասը տարի ղեկավարել պետական հեռուստառադիոընկերությունը։ 2005-ին առաջադրվել է նախագահի թեկնածու, սակայն զբաղեցրել է ընդամենը վեցերորդ տեղը։ Ընտրություններում հաղթած Մահմուդ Ահմադինեժադը նրան նշանակել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար։ Լարիջանին թողել է այդ պաշտոնը 2008-ին և դարձել Իրանի խորհրդարանի խոսնակ՝ պաշտոնավարելով մինչև 2020 թվականը։

Լարիջանին մտերիմ է Խամենեիի հետ և վայելում է նրա վստահությունը։ Նա մոլի պահպանողական է (ինչպես Իրանում են ասում՝ «սկզբունքների հետևորդ»՝ նկատի ունենալով Իսլամական հեղափոխության սկզբունքները) և ունի Իսլամական Հանրապետության ղեկավար կառույցներում աշխատանքի մեծ ու բազմազան փորձ։ 2000-ականներին նա համակարգել է ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, իսկ 2020-ականներին դարձել է Իրանի և Չինաստանի մերձեցման գլխավոր «ճարտարապետը»։

2025 թվականի սկզբից Լարիջանիի հանրային ակտիվությունը նկատելիորեն աճել է, մինչդեռ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ազդեցությունը թուլացել է։ Հենց Լարիջանին է մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, և բանակցել Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ։ Նա է նաև ներկայացնում Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։

Փեզեշքիանը փաստացի ստիպված է եղել թույլտվություն խնդրել Լարիջանիից՝ ինտերնետի սահմանափակումները մեղմելու համար, որոնք մտցվել էին բողոքի ցույցերը ճնշելու նպատակով և մեծ վնաս էին հասցրել Իրանի տնտեսությանը։ Հունվարին, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կապվել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար, թե արդյոք նախատեսվում են ձերբակալված ցուցարարների մահապատիժներ, Արաղչին հրահանգների համար դիմել է իր անմիջական ղեկավարին՝ Փեզեշքիանին։ Սակայն վերջինս ասել է, որ ամերիկացիների հետ բոլոր շփումները պետք է համաձայնեցվեն ոչ թե իր, այլ Լարիջանիի հետ։

Այդ ժամանակ Ուիթքոֆը հավաստիացումներ է ստացել, որ մահապատիժներ չեն լինի։ Այնուամենայնիվ, դրան հաջորդել է ցուցարարների դեմ իրականացված աննախադեպ զանգվածային ու արտադատարանական հաշվեհարդարը։ Ըստ իրանցի իրավապաշտպանների տվյալների՝ այդ ժամանակ զոհվել է շուրջ 30 հազար մարդ։

Խամենեին, վախենալով մահափորձերից, գրեթե մշտապես թաքնվում է բունկերում։ 2025 թվականի հունիսին՝ 12-օրյա պատերազմի հենց սկզբում, Իսրայելը թիրախային հարվածներով սպանել է Իրանի զինված ուժերի առանցքային հրամանատարներին, ինչը քաոս է առաջացրել և թույլ չի տվել կազմակերպել արդյունավետ դիմադրություն։ Վախենալով նման սցենարի կրկնությունից՝ Խամենեին նախապես որոշել է չորսական հնարավոր հետնորդ նշանակել յուրաքանչյուր զինվորական և պետական պաշտոնյայի համար, որոնց նշանակում է անձամբ գերագույն առաջնորդը։ Մնացած բոլորին հանձնարարված է ինքնուրույն հոգալ առնվազն չորս տեղակալ նշանակելու մասին։ Խամենեին նաև նշել է երեք հոգու անուն, ովքեր կարող են դառնալ իր ժառանգորդը մահվան դեպքում. նրանց անունները չեն հրապարակվում։

Բացի այդ, Խամենեին առանձնացրել է իր մտերիմների մի նեղ խումբ, որոնք լիազորված են որոշումներ կայացնել գերագույն առաջնորդի մահվան կամ նրա հետ կապի կորստի դեպքում։ Այդ խմբում են՝ Լարիջանին, Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական Յահյա Ռահիմ Սաֆավին, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Խամենեիի աշխատակազմի ղեկավար Ալի Ասղար Հիջազին։ Ստեղծվել է նաև նոր ռազմական մարմին՝ Պաշտպանության ազգային խորհուրդը, որը գլխավորում է ծովակալ Ալի Շամխանին։

Իրանի ղեկավարության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ով կարող է դառնալ «իրանական Դելսի»։ Խոսքը Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի մասին է, ով փաստացի ստանձնե; է երկրի ղեկավարումը, երբ ԱՄՆ-ն ձերբակալել է նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Նա մի կողմից ապահովում է իշխող վերնախավի գոյատևումը, մյուս կողմից՝ վերականգնում կապերը ԱՄՆ-ի և միջազգային հանրության հետ։

Այս դերի համար Իրանում գլխավոր թեկնածուն Լարիջանին է, իսկ հաջորդը՝ խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը։ Դիտարկվում է նաև նախկին նախագահ Հասան Ռոհանիի թեկնածությունը. նա Խամենեիի մտերիմների շրջանակից չէ, բայց համարվում է բարեփոխական և ենթադրվում է, որ կարող է որոշակի դրական վերաբերմունքի արժանանալ ԱՄՆ-ի կողմից։