Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը բարձր է գնահատում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է ՎԶԵԲ Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպը՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նոյեմբերի 24-ին կայացած հանդիպմանը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Օլիվյե Դեկամպը բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականությունը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի բյուջեի վերաբերյալ ելույթը Ազգային ժողովում: Նա նշել է, որ ընթացիկ տարում ՎԶԵԲ-ը նախատեսել է իրականացնել 150 միլիոն դոլարի ներդրումներ, ինչը, ՎԶԵԲ-ի ղեկավարի խոսքով, պատմական ռեկորդ է: Նա Հայաստանում իրականացվող բարեփոխումները գնահատել է շատ համարձակ եւ նշել, որ բանկը հետաքրքրված է կենսաթոշակային ու ապահովագրական հիմնադրամների ստեղծմամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծին, «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում ՎԶԵԲ-ի հնարավոր մասնակցության հարցին: