Պակիստանի ռազմաօդային ուժերի (PAF) ինքնաթիռները պարեկում են Աֆղանստանի Ղանդահար նահանգի երկինքը՝ հարեւան երկրում ռազմական թիրախներին ավիահարվածներ հասցնելուց հետո։ Այս մասին հաղորդել է Պակիստանի պետական PTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Պակիստանի զինված ուժերը լիովին պատրաստ են ցանկացած ագրեսիայի եւ ունեն արժանի պատասխան տալու կարողություն»,- հեռուստաալիքին հայտնել են անվտանգության ծառայության աղբյուրները։ Նրանք ավելացրել են, որ ավիահարվածներն «ամբողջությամբ ոչնչացրել են» աֆղանական ուժերի մի շարք կարեւոր դիրքեր, որից հետո թալիբները «սպիտակ դրոշներ են բարձրացրել» իրենց ամրությունների վրա։
Ավելի վաղ Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլա Թարարը հայտնել էր, որ իսլամական հանրապետության ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել աֆղանստանյան ռազմական թիրախներին Քաբուլում, ինչպես նաեւ Ղանդահար եւ Պակտիա նահանգներում: Նրա խոսքով՝ ոչնչացվել են մի քանի բրիգադների եւ կորպուսների շտաբներ, զինամթերքի պահեստներ եւ նյութատեխնիկական ապահովման կետեր։
Փետրվարի 26-ի երեկոյան Պակիստան-Աֆղանստան սահմանին մարտեր են բռնկվել: Քաբուլը հայտնել է, որ Աֆղանստանը ռազմական գործողություն է իրականացնում՝ ի պատասխան Աֆղանստանի տարածքում Պակիստանի վերջերս իրականացրած օդային հարվածների: Իսլամաբադը հայտնել է, որ պատասխան հարվածների ժամանակ Պակիստանի ուժերը սպանել են ավելի քան 133 աֆղան զինվորի եւ ոչնչացրել մոտ 80 միավոր աֆղանստանյան ռազմական տեխնիկա: Պակիստանի իշխանությունները հայտնել են պակիստանյան կողմից 40 զոհի մասին:





























