Պենտագոնի պաշտոնյաները և կոնգրեսականները նախազգուշացնում են, որ Իրանին հասցվող տևական հարվածները կարող են ամերիկյան բանակի պաշարները հասցնել կրիտիկական մակարդակի և երկիրն ավելի խոցելի դարձնել, գրում է Politico-ն:
Միացյալ շտաբների պետերի հանձնաժողովի նախագահ, գեներալ Դեն Քեյնը դեռ հունվարից մտահոգություն էր հայտնում ՀՕՊ որսիչների պակասի վերաբերյալ, հայտնել են իրազեկ աղբյուրները: Վերջին շաբաթներին այդ մտահոգություններն ուժեղացել են, քանի որ Պենտագոնը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել է իր ամենամեծ ռազմական ներկայությունը Իրաքյան պատերազմից ի վեր:
Այս անհանգստությունները կապված են ԱՄՆ ռազմական գործողությունների մասշտաբային ընդլայնման հետ: Նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է հենվել Պենտագոնի վրա արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար՝ Վենեսուելայի առաջնորդի տապալումից մինչև ենթադրյալ նարկոդիլերների սպանություն, Եմենում հութիների ռմբակոծություն և անցյալ տարի Իրանին հասցված հարվածներ՝ նրա միջուկային ծրագիրը ոչնչացնելու նպատակով: Այդ գործողություններից շատերը սպառել են զգալի քանակությամբ Standard Missile-3 որսիչներ, THAAD (Terminal High Altitude Area Defense) համակարգեր և Patriot հրթիռներ:
Պաշտպանական արդյունաբերությունը տարիներ շարունակ բախվում է ՀՕՊ որսիչների արտադրության դժվարությունների հետ, ինչը մասամբ պայմանավորված է արտադրության բարդությամբ և արագությամբ: ԱՄՆ վեց ներկա և նախկին պաշտոնյաներ, ինչպես նաև Կոնգրեսի անդամներ հարցազրույցներում ընդգծել են այն մտավախությունը, որ Իրանի տևական պատասխան գործողությունները կարող են սպառել ԱՄՆ ՀՕՊ նվազող պաշարները և տարածաշրջանում գտնվող տասնյակ հազարավոր ամերիկացի զինվորականներին թողնել առանց պաշտպանության Թեհրանի հրթիռային համազարկերից:
«Ունե՞նք արդյոք բավարար քանակությամբ որսիչներ պատասխան հարվածները պահպանելու համար»,- ասել է քննարկումներին ծանոթ աղբյուրը: «Մենք չունենք հստակ կենտրոնացված նպատակ: Սա ռեժիմի փոփոխությո՞ւն է, թե՞ միայն բալիստիկ հրթիռներին հակազդում»:
Ամերիկյան դաշնակիցներն արդեն զգացել են ԱՄՆ ՀՕՊ համակարգերի և մարտկոցների պակասը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք փորձում էին լրացուցիչ Patriot համակարգեր գնել Ուկրաինային փոխանցելու համար:
«Սա մշտական և առանցքային խնդիր է»,- նշել է պաշտպանության ոլորտի պաշտոնյաներից մեկը, ով ցանկացել է անանուն մնալ: «Սա նաև հիմքեր է տալիս նրանց, ովքեր կարծում են, որ մենք պետք է ավելի զգույշ լինենք Ուկրաինային փոխանցվող սպառազինության հարցում»:
Միացյալ շտաբների պետերի հանձնաժողովը չի պատասխանել մեկնաբանություն ստանալու հարցմանը: Իսկ Պենտագոնը հերքել է զենքի պաշարների վերաբերյալ մտահոգությունները:
«Պատերազմի նախարարությունն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է ցանկացած առաքելություն ցանկացած պահի և ցանկացած վայրում կատարելու համար՝ նախագահի հայեցողությամբ»,- հայտարարել է մամուլի քարտուղար Շոն Պարնելը՝ օգտագործելով վարչակազմի կողմից նախընտրելի «Պատերազմի նախարարություն» անվանումը:
Որոշ օրենսդիրներ նախազգուշացնում են, որ հարվածները, հատկապես եթե դրանք հանգեցնեն տևական հակամարտության, կարող են շեղել ռեսուրսները այլ կարևոր կարիքներից:
«Գնումների ոլորտում բարեփոխումների հրատապ կոչեր կան, բայց ի վերջո, թվում է, թե մենք չենք կարող բավարարել սպառազինության արտադրության բոլոր կարիքները՝ ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Մերձավոր Արևելքի մեր գործընկերների համար»,- ասել է սենատոր Ռիչարդ Բլումենթալը (դեմոկրատ Կոնեկտիկուտից)՝ նշելով, որ պաշտպանական արդյունաբերությունը բավարար արագությամբ չի արտադրում Patriot և Tomahawk հրթիռներ:
Բլումենթալը և մի խումբ այլ օրենսդիրներ, որոնք նախկինում պնդում էին վերատեղակայման հարցում...
Պաշտպանության նախարարությունը չի հրապարակում զենքի պաշարների վերաբերյալ տվյալները ազգային անվտանգության նկատառումներով, սակայն վերլուծաբանները նախազգուշացնում են, որ ամերիկյան պաշարներն արդեն նվազում են: ՀՕՊ համակարգերը սպառված են:
«Թե որքանով է դա մտահոգիչ, կախված է նրանից, թե որքանով են իրանցիները թուլացել նախորդ արշավից հետո, և որքանով համակարգված ու արդյունավետ մենք կկարողանանք գործել»,- ասել է CSIS-ի հակահրթիռային պաշտպանության նախագծի տնօրեն Թոմ Կարակոն:
Բացի ՀՕՊ հրթիռներից, ամերիկյան բանակը նաև ռիսկի է դիմում չափազանց շատ օգտագործել Tomahawk հրթիռները և այլ բարձր ճշգրտության զենքեր, որոնք հավանաբար կկիրառվեն Պեկինի հետ հետագա բախումներում, նշել է Կարակոն:
«Ողբերգություն է սպառել Tomahawk-ները, երբ սովորական ռումբն էլ բավարար կլիներ»,- ասել է նա: «Դա հենց այն հարվածային սպառազինությունն է, որը պետք է խնայել Չինաստանի հետ պատերազմը զսպելու կամ վարելու համար»:
Վաշինգտոնում ոչ բոլորն են իրավիճակը կրիտիկական համարում: Կոնգրեսական Քեն Քալվերտը (հանրապետական Կալիֆոռնիայից), ով պաշտպանական ծախսերի գծով առաջատար փորձագետ է, մեղմել է ռիսկը, թեև խոստովանել է զինամթերքի դեֆիցիտը:
Կոնգրեսը, ըստ Քալվերտի, վերջերս թույլատրել է Պենտագոնին բազմամյա պայմանագրեր կնքել զինամթերքի արտադրության համար՝ թողարկումն ավելացնելու և ինքնարժեքը նվազեցնելու նպատակով: ՀՕՊ համակարգերի արտադրական գծերը, ինչպիսիք են Patriot և THAAD որսիչները, «պատրաստ են, մնում է միայն առավելագույնս գործի դնել դրանք՝ աշխատելով երկու կամ երեք հերթափոխով»,- նշել է նա:
Քալվերտը ընդգծել է, որ դեֆիցիտը «գաղտնիք չէ», բայց միևնույն ժամանակ զինվորականները կարճաժամկետ հեռանկարում ունեն բավարար քանակությամբ զինամթերք: «Ես չեմ ուզում, որ մեր հակառակորդները կարծեն, թե մենք բավարար ռեսուրսներ չունենք: Մենք ամեն ինչ ունենք»,- հավելել է նա: