Թեհրանն է՛լ ավելի է մեկուսացրել իրեն՝ հարձակվելով Պարսից ծոցի երկրների վրա, և հարևանների հետ թշնամանք է ստեղծել, որը կպահպանվի նույնիսկ պատերազմի ավարտից հետո. հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը։
Ըստ WAM պետական գործակալության, ԱՄԷ-ն ավելի վաղ հայտնել էր իր օդային տարածքում իրանական հրթիռների երեք ալիք որսալու մասին՝ հարձակումները որակելով որպես «ինքնիշխանության խախտում և տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող վտանգավոր էսկալացիա»։
«Իրանի ղեկավարների որոշումները խորացրել են Իրանի մեկուսացումը՝ ի պատասխան իսրայելական և ամերիկյան հարվածների»,- ասել է դոկտոր Գարգաշը։ «Իրանին պետք են Պարսից ծոցի պետությունները՝ այս պատերազմի ձգձգումն ու ընդլայնումը կանխելու համար»։ Նա հավելել է, որ Թեհրանի «կարճատես» հարձակումները կարող են հարևանների հետ երկարատև թշնամանք և անվստահություն ստեղծել։ «Դա վնաս կհասցնի, որը Իրանի հետ մեր հարաբերություններում դուրս կգա պատերազմի սահմաններից»,- նշել է նա։ «ԱՄԷ-ն ձեռքերը ծալած չի նստի Իրանի հարձակումների պայմաններում և կդիտարկի իր տարբերակները»։
Գարգաշն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթությունը ԱՄԷ-ի և նրա բնակիչների պաշտպանությունն է։ «Մենք լավ վիճակում ենք, ունենք արտակարգ իրավիճակների պատրաստի պլաններ, մեր ՀՕՊ համակարգերը հիանալի աշխատանք են կատարել։ Մենք կշարունակենք պաշտպանել ԱՄԷ-ն և բոլորին, ովքեր ապրում են այստեղ»,- ասել է նա։
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ հարձակումներից հետո կապ է հաստատել տարածաշրջանային գործընկերների հետ՝ պարզաբանելու, որ Իրանն «իրականացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը»։ Նա հավելել է, որ «ցավալի է, որ թիրախները գտնվում էին բարեկամ պետություններում»։
Գարգաշը Պարսից ծոցի երկրների վրա հարձակվելու Իրանի դրդապատճառները որակել է որպես «անհամոզիչ» և «անխոհեմ»։ Նա ասել է, որ Թեհրանը հատել է կարմիր գիծը՝ խախտելով Պարսից ծոցի երկրների անվտանգությունը։ «Մենք չենք կարող ընդունել Իրանի արդարացումները, որոնք համոզիչ չեն,- հավելել է նա։- Դրանք համոզիչ չէին 12-օրյա պատերազմի ժամանակ և այդպիսին չեն նաև հիմա»։
Ըստ նրա, Պարսից ծոցի երկրները հրապարակայնորեն և մասնավոր կերպով ձգտել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև դիվանագիտական լուծման և առանցքային դեր են խաղացել առճակատումից խուսափելու փորձերում։ «Մենք չենք աջակցել պատերազմի ընտրությանը,- ասել է նա։- Չնայած Իրանի հետ ունեցած մեր տարաձայնություններին՝ մենք հարևաններ ենք և ընտրել ենք խաղաղության ու երկխոսության ուղին, քանի որ տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ նոր հակամարտություններ»։
ԱՄԷ-ն հայտարարել է, որ թույլ չի տա օգտագործել իր օդային տարածքը կամ տարածքը Իրանի վրա հարձակվելու համար՝ բազմիցս կոչ անելով դեէսկալացիայի և երկխոսության՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Գարգաշն ասել է, որ Թեհրանը խախտել է հարևանների միջև «ջենտլմենական համաձայնությունը», որը ենթադրում էր Պարսից ծոցի երկրների տարածքները Իրանի վրա հարձակվելու համար չօգտագործել՝ չհարձակվելու քաղաքականության դիմաց։
«Մենք չափազանց զայրացած ենք և դատապարտում ենք Իրանի կողմից այս հակամարտության ընդլայնումը՝ ներգրավելով հարևաններին, որոնք շատ մեծ ջանքեր են գործադրել այս պահը կանխելու համար»,- ասել է դոկտոր Գարգաշը։
Նա նշել է, որ «սպասվող էսկալացիան», որը նախապատրաստվում էր մի քանի շաբաթ, պայմանավորված էր չլուծված ճգնաժամերով, որոնք սնվում էին միջուկային խնդրի շուրջ պատշաճ երկխոսության բացակայությամբ։ «Քաղաքական լուծմանն այլընտրանք չկա»,- ասել է նա։
ԱՄԷ պաշտոնյան պատերազմող կողմերին կոչ է արել «վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»՝ ընդգծելով, որ ներկայիս թշնամական գործողությունները «լուծման մաս չեն, և բանակցություններին վերադառնալը խիստ կարևոր է»։