Նախ սոցիալական երաշխիքների ապահովումը կամ դրանց բարձրացումը նախատեսված է եղել կառավարության ծրագրում, երկրորդը, պետական ռեսուրսների օգտագործմամբ սոցիալական խնդիրների լուծումը որևէ դեպքում բարեգործություն որակվել չի կարող։ Այս մասին, այսօր՝ մարտի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով NEWS.am–ի դիտարկմանը, որ արդյոք ընտրություններից առաջ թոշակների բարձրացումը թոշակառուներին կաշառել չի նշանակում։
«Բարեգործության մասին մենք ունենք օրենք, որտեղ բարեգործությունը սահմանվում է որպես մասնավոր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվող գործունեություն։ Պետական ֆոնդերի, պետական միջոցների ծախսը չի կարող դիտվել որպես բարեգործություն։
Միաժամանակ մենք ունենք վարչական ռեսուրսների չարաշահման արգելք, որի համար կա նախատեսված վարչական պատասխանատվություն, բայց դա ձեր կողմից բարձրացված իրավիճակին բացարձակ վերաբերելի չէ։ Վարչական ռեսուրսի չարաշահման արգելք մենք ունենք նախընտրական քարոզարշավի շրջանում, երբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները շատ ավելի ուշադիր պետք է լինեն, որպեսզի, օրինակ, իրենց քարոզարշավի ընթացքում չօգտագործեն պետական միջոցներ, պետական գույք և այլն, որպեսզի այդ վարչական ռեսուրսը չօգտագործվի։
Ինչ վերաբերում է բարեգործության արգելքին, ապա դա տարածվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց հիմնադրամների վրա։ Այդտեղ էլ նրբություններ կան, ես այն կարծիքին չեմ, որ բարեգործական այն ընկերությունները որոնք նախօրոք ունեցել են հաստատված տարիների համար ծրագիր, այդ ծրագրերի շարունակական իրականացումը կարող է հանդիսանալ բարեգործության արգելքի խախտում։
Բայց այդ ծրագրերում ֆինանսական միջոցների ծավալի ավելացումը, շահառուների շրջանակի ընդլայնումը ընտրություններից հենց առաջ, կարող է գնահատվել, որ կա խնդիր։ Հետևաբար կխնդրեմ բոլոր այն անձանց և կազմակերպություններին, որոնք իրականացնում են բարեգործություն, լինել ուշադիր և հետևել այն կարգավորումներին, որոնք մեր երկրում կան և գործում են։
Միշտ օրենսդրական նորմերը կարելի է շատ ավելի հստակեցնել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ընկնենք ծայրահեղությունների գիրքը, այսօր էլ այդ կարգավորումները կան բավարար հստակ չափով և բավարար կանխատեսելի, որպեսզի մարդիկ կառուցեն իրենց վարքագիծը»,– ընդգծեց Գալյանը։





























