Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հայտարարությունները Մերձավոր Արևելքում առկա հակամարտության վերաբերյալ որակել է որպես «անհեթեթ և ծիծաղելի», հաղորդում է Euronews-ը:

Իսրայելցի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի դեմ պատերազմի հարցում Եվրոպայում միասնական դիրքորոշում չկա և Իսպանիայի կառավարությանը մեղադրել էր՝ «աշխարհի բոլոր բռնակալների կողքին լինելու մեջ, ինչպես դա եղավ Վենեսուելայի, իսկ այժմ՝ Իրանի դեպքում»։

Ալբարեսը պատասխանել է՝ ընդգծելով, որ նման մեղադրանքներն իրականության մեջ որևէ հիմք չունեն։ «Դա անհեթեթ է և ծիծաղելի։ Իսպանիան ճիշտ արտաքին քաղաքականություն ունի»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ Մադրիդը հետևողականորեն իրականացնում է ամբողջ աշխարհում հակամարտությունների վերաբերյալ իր դիրքորոշումը։

Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ Իսպանիան բազմիցս դատապարտել է իրանական ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտումները և աջակցում է իրանցի ժողովրդին։ Սակայն երկիրը և ԵՄ-ն պետք է բանականության ձայն լինեն և ձգտեն լարվածության թուլացմանը և հակամարտության դիվանագիտական ​​լուծմանը։

Նա հավելել է, որ Իսպանիայի դիրքորոշումն այն է, որ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, և որ դա ներառում է միակողմանի ռազմական գործողությանը մասնակցելուց հրաժարվելը՝ առանց միջազգային աջակցության։

Ալբարեսը միաժամանակ հաստատել է, որ Իսպանիայում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաները չեն օգտագործվել և չեն օգտագործվելու Իրանի դեմ հարվածների համար, քանի որ դա կհակասի երկու երկրների միջև կնքված համաձայնագրի պայմաններին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին։