Վրացական կողմը ողջունում է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի՝ «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետի բացման մասին հայտարարությանը, սակայն հոռետեսորեն է գնահատում այն։ Ինչպես ճեպազրույցի ժամանակ նշել էր Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն, «եթե Կարասինը լուրջ է հայտարարել, թե անցակետի բացմանը Ռուսաստանը դրական է վերաբերում, ապա վրացական կողմը դա ողջունում եւ դրական է գնահատում»։

Նրա խոսքով, հայկական եւ վրացական կողմերը պայմանավորվել են հարցի շուրջ, եւ հիմա հերթը Ռուսաստանինն է, հայտնում է Վրաստան Online-ը։

Նշենք, որ անցակետի բացման հարցը քննարկվել է Վրաստանի խորհրդարանի նոյեմբերի 21-ի նիստի ժամանակ։ Ինչպես հայտարարել էր խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն, «Վերին Լարսը» պետք է բացվի մի շարք դրդապատճառներով, այդ թվում՝ տարածաշրջանի ազգաբնակչության տնտեսական իրավիճակի լավացման համար։

Հիշեցնենք, որ հսկիչ անցագրային կետի հնարավոր բացման հարցը նոյեմբերի 13-ին քննարկվել էր Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցում էին երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, կառավարության անդամներ եւ մի քանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ինչպես հայտարարել էր ԱԱԽ քարտուղար Էկա Տկեշելաշվիլին, եթե բանակցությունները հաջող ընթանան, սահմանը կբացվի։

Հսկիչ անցագրային կետի բացման առնչությամբ բանակցություններում Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ որպես միջնորդ հանդես են գալիս Շվեյցարիան եւ Հայաստանը։ Մի շարք քաղաքագետների կարծիքով գործընթացը կլուծվի մինչեւ տարվա վերջ։