Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը Ֆլորիդա նահանգի «միլիարդատերերի բունկեր» անվամբ հայտնի կղզում 339 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ մի շարք հողակտորներ ունի, որոնցից երեքը գտնվում են Մարկ Ցուկերբերգի տարածքների մոտ: Այս մասին պարզել է «ՌԻԱ Նովոստին»՝ ուսումնասիրելով բաց տվյալները։

Ուսումնասիրելով սեփականության մասին փաստաթղթերը և այլ բաց տվյալներ՝ գործակալությունը պարզել է, որ Բեզոսն այժմ Ինդիան Քրիքում ունի չորս հողամաս, որոնք նա ձեռք է բերել 2023 թվականի կեսերից մինչև 2025 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում։ Դրանցից երեքը՝ մոտ 26 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, գտնվում են Ցուկերբերգի նոր հողամասի (լոտ 7) մոտակայքում։

Բեզոսը «Palm Trust» և «Cape Trust» հիմնադրամների միջոցով տիրապետում է 11-րդ և 12-րդ լոտերին, որոնց արժեքը կազմում է 147 միլիոն դոլար։ Բեզոսի կապն այս երկու տեղամասերի հետ բացահայտվել է 2024 թվականին դատարան ներկայացված հայցից հետո, որը ներկայացրել էր դրանցից մեկի նախկին սեփականատերը։

Amazon-ի հիմնադրի կապը 105 միլիոն դոլար արժողությամբ 9-րդ լոտի հետ հաջողվել է հաստատել միջնորդների այն ցանցի շնորհիվ, որը Բեզոսն օգտագործել էր նախկինում։ 2024 թվականին ԶԼՄ-ները հայտնում էին, որ միլիարդատերը նույն փողոցում գտնվող 28-րդ լոտը ձեռք է բերել 87 միլիոն դոլարով։ Համաձայն իրավաբանական փաստաթղթերի՝ գնորդը եղել է Ջոն Սամբերգը՝ «Բիլզին և Սամբերգ» իրավաբանական ընկերությունից։ 2025 թվականին Ocean Trust հիմնադրամի կողմից 9-րդ լոտի գնման ժամանակ գնորդը գրանցված է եղել նույն հասցեով, ինչ Սամբերգը։ Որպես գնորդ հանդես է եկել նույն իրավաբանական ընկերության մեկ այլ գործընկեր՝ Ջոզեֆ Մ. Էրնանդեսը։

Ուսումնասիրված տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ բոլոր չորս տեղամասերը կառավարվում են Բեզոսի միջնորդների կողմից։