Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը Ֆլորիդա նահանգի «Միլիարդատերերի բունկե» անվամբ հայտնի կղզում 339 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ մի շարք հողակտորներ ունի, որոնցից երեքը գտնվում են Մարկ Ցուկերբերգի ունեցվածքի մոտ։ Ինչպես պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ուսումնասիրելով բաց տվյալները, դրանցից երեքը գտնվում են Մարկ Ցուկերբերգի տիրույթների հարևանությամբ։
Ուսումնասիրելով սեփականության մասին փաստաթղթերը և այլ բաց տվյալներ՝ գործակալությունը պարզել է, որ Բեզոսն այժմ Ինդիան Քրիքում ունի չորս հողամաս, որոնք նա ձեռք է բերել 2023 թվականի կեսերից մինչև 2025 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում։ Դրանցից երեքը՝ մոտ 26 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, գտնվում են Ցուկերբերգի նոր հողամասի (լոտ 7) մոտակայքում։
Բեզոսը «Palm Trust» և «Cape Trust» հիմնադրամների միջոցով տիրապետում է 11-րդ և 12-րդ լոտերին, որոնց արժեքը կազմում է 147 միլիոն դոլար։ Բեզոսի կապն այս երկու հողատարածքների հետ բացահայտվել է 2024 թվականին դատարան ներկայացված հայցից հետո, որը ներկայացրել էր դրանցից մեկի նախկին սեփականատերը։
Amazon-ի հիմնադրի կապը 105 միլիոն դոլար արժողությամբ 9-րդ լոտի հետ հաջողվել է հաստատել միջնորդների այն ցանցի շնորհիվ, որը Բեզոսն օգտագործել էր նախկինում։ 2024 թվականին ԶԼՄ-ները հայտնում էին, որ միլիարդատերը նույն փողոցում գտնվող 28-րդ լոտը ձեռք է բերել 87 միլիոն դոլարով։ Համաձայն իրավաբանական փաստաթղթերի՝ գնորդը եղել է Ջոն Սամբերգը՝ «Բիլզին և Սամբերգ» իրավաբանական ընկերությունից։ 2025 թվականին Ocean Trust հիմնադրամի կողմից 9-րդ լոտի գնման ժամանակ գնորդը գրանցված է եղել նույն հասցեով, ինչ Սամբերգը։ Որպես գնորդ հանդես է եկել նույն իրավաբանական ընկերության մեկ այլ գործընկեր՝ Ջոզեֆ Մ. Էրնանդեսը։
Ուսումնասիրված տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ բոլոր չորս տեղամասերը կառավարվում են Բեզոսի միջնորդների կողմից։



























