Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​ուզում անվերջ պատերազմ Իրանի հետ և կհամակարգի Վաշինգտոնի հետ ռազմական գործողությունները դադարեցնելու ժամկետը։

Այնուամենայնիվ, նա ենթադրել է, որ արշավը կարող է շարունակվել մինչև հաջորդ շաբաթ։ «Կշարունակենք մինչև այն պահը, երբ մենք և մեր գործընկերները նպատակահարմար կհամարենք դադարեցնել [մարտերը]»,- ասել է Սաարը՝ Երուսաղեմում իր գերմանացի գործընկերոջ հետ միասին լրագրողների հետ զրույցում։

Սաարը նշել է, որ Իսրայելը ձգտում է «երկարաժամկետ հեռանկարում» լուծել Իրանից եկող սպառնալիքները՝ Իրանի նորանշանակ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին անվանելով «ծայրահեղական»։

Նա հավելել է, որ Իսրայելի՝ Իրանին հարվածները նպատակ ունեն «ստեղծելու պայմաններ, որոնց դեպքում իրանցիները կարող են տապալել իրենց ղեկավարներին»։

Սաարը շեշտել է, որ հնարավոր է ստեղծել պայմաններ «ռեժիմի փոփոխության» համար, բայց հավելել է, որ մինչև պատերազմի ավարտը իրանցիները չեն կարող «վերականգնել իրենց ազատությունը»։