Եվրոպական խորհրդարանը երեքշաբթի պարգևի է արժանացրել ամբողջ մայրցամաքից մի շարք քաղաքական առաջնորդների, ինչպես նաև իռլանդական U2 ռոք խմբին։

Եվրոպական «Վաստակների համար» շքանշանը, որը շնորհվում է այս տարի առաջին անգամ՝ ի նշան ԵՄ արժեքներին իրենց ներդրումն ունեցած անձանց գնահատականի, ունի երեք մակարդակ՝ Շքանշանի անդամ, Շքանշանի պատվավոր անդամ և Շքանշանի վաստակավոր անդամ, գրում է Politico-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան արժանացել են բարձրագույն պարգևների։

Երկրորդ մակարդակի պարգևի են արժանացել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Վատիկանի պետքարտուղար Պետրո Պարոլինը և Ֆինլանդիայի նախկին նախագահ Սաուլի Նիինիստյոն։

«Շքանշանի անդամ» կատեգորիայում ընդգրկված են հույն բասկետբոլի աստղ Յանիս Ադետոկունբոն, «World Central Kitchen» ՀԿ-ի հիմնադիր Խոսե Անդրեսը և U2-ի բոլոր չորս անդամները։

Ըստ պարբերականի՝ երբ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան նշել է, որ Մերկելը պարգևատրվում է, դահլիճում աղմուկ է բարձրացել։

Մայիսին արարողության ժամանակ մրցանակակիրները Մեցոլայի ստորագրությամբ կրծքանշան, ժապավեն և վկայագիր կստանան։